13․01․26, Երևան․ ԱՏՁՄ․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE) թողարկել է ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր՝ դառնալով արժեթուղթ թողարկած առաջին ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում։
Ինչպես նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը արժեթղթերի թողարկման կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, հայկական օրենսդրության այն դրույթը, որը թույլ է տալիս հասարակական, ոչ առևտրային կառույցներին կանոնադրական իրենց նպատակների իրացման համար օգտվել ներդրումների ներգրավման այս գործիքից, այլևս միայն թղթի վրա չէ, այլ փաստացի իրացվող գործնական ռազմավարություն է։
Ներգրավված միջոցները ներդրվելու են ԱՏՁՄ նախագծերում։ Մասնավորապես՝ ծառայելու են Հայաստանի և տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեքի զարգացմանը և ամրապնդմանը միջազգային տեխնոլոգիական հարթակներում, կառույցի ընդլայնմանը, ինչպես նաև UATE Powerhouse նախագծի գործարկմանը։


















































