Aravot.am-ը տեղեկացրել էր Երևանի և Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնների միջև 2024թ. ստորագրված համագործակցության հուշագրի մասին, որը կողմերի պատրաստակամության՝ կատարողական արվեստի զարգացմանն ու թատրոնների միջև համագործակցության խթանման մեկնարկն էր։
Այս հուշագրի շրջանակում, ինչպես դարձյալ տեղեկացրել էինք՝ ազգությամբ ռուս, ծնունդով Իտալիայից Մաքսիմ Նիկոնովը, որն ուսանել է «Լա Սկալայի» ակադեմիայում, 2025թ. իր գործունեությունը սկսել և այսօր էլ շարունակում է Երևանի թատրոնում:
Մեզ հետ հարցազրույցում նա թվարկել էր իր գործառույթի լայն շրջանակը՝ արտաքին կապերի մշակում, զարգացում, հյուրախաղերի և միջազգային նախագծերի կազմակերպում, հրավիրյալ արտիստների ու բեմադրական կազմի հետ տարվող աշխատանքների իրականացում, իտալական բիզնես միջավայրում հովանավորների որոնում, հանդիպումների և տեխնիկական կոնֆերանսների իտալերենից թարգմանություն, իտալական կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի և համաձայնագրերի ընթացքի նկատմամբ հսկողություն։
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի աղգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վերջերս թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հերթական անգամ հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանն ընդգծվել է Երևանի և Միլանի օպերային թատրոնների ակադեմիաների միջև ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը, որի շրջանակում իրականացվում են փորձի փոխանակման ծրագրեր հայ և իտալացի մասնագետների միջև: Մաեստրո Դուրգարյանը դեսպանին է ներկայացրել թատրոնի գործունեությունը, իտալական կողմի հետ իրականացված և նախատեսվող բեմադրությունները, այդ թվում՝ նախորդ տարի բեմադրված Վերդիի «Օթելլո» օպերան: Այս օրերին թատրոնը պատրաստվում է Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի պրեմիերային, ինչը ևս հայ-իտալական համատեղ նախագիծ է:
Կարդացեք նաև
Օրերս էլ հայտնի դարձավ, որ փետրվարի 7–8-ը Միլան քաղաքում կայացել են International Ballet Auditions (IBA) միջազգային բալետային դիտումները, որոնց շրջանակում առաջին անգամ հրավիրված են եղել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավարության ներկայացուցիչները՝ գլխավոր բալետմայստերի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը և բալետային խմբի վարիչ Սերգեյ Սաֆարյանը։ Սա իսկապես, աննախադեպ իրադարձություն է հայկական բալետի պատմության մեջ և կարևոր քայլ Հայաստանի օպերային թատրոնի միջազգային ճանաչման բարձրացման ուղղությամբ։ Մասնակցությունը նման բարձրակարգ մասնագիտական հարթակում նպաստում է միջազգային կադրային համագործակցությանը, մասնագիտական կապերի ընդլայնմանը և հայկական բալետի լիարժեք ներգրավմանը համաշխարհային բալետային գործընթացներին։ Իհարկե, նման բալետային դիտումներին մասնակցությունը հնարավոր է եղել Երևանի և Միլանի օպերային թատրոնների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շնորհիվ:
Մեզ հետ զրույցում թատրոնի բալետային խմբի վարիչ Սերգեյ Սաֆարյանը նախ տեղեկացրեց, թե դիտումներին մասնակցել են Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ եվրոպական երկրների հեղինակավոր դպրոցների ուսանողներ, որոնք այս տարի ավարտում են իրենց ուսումնառությունը։ Ինչ վերաբերում է նման ձևաչափի անցկացմանը, մեր զրուցակիցը հավաստիացրեց. «Այս ձևաչափը հնարավորություն է տալիս տարբեր թատրոնների ներկայացուցիչներին անմիջականորեն ծանոթանալ երիտասարդ արտիստների կարողություններին և ձևավորել ապագա համագործակցությունները: Իսկ օրվա հրամայականն է դարձել հայկական բալետի միջազգային ճանաչմանն ուղղված հստակ քայլերի իրականացումը: Նաև նմանատիպ համագործակցությունների շնորհիվ հնարավոր է եվրոպական երկրներում բարձրաձայնել մեր թատրոնի մասին, ներկայացնել մեր մշակույթը, ձևավորել խորը մասնագիտական կապեր: Իսկ արտասահմանցի արտիստները աշխատելով Հայաստանում, ինքնաբերաբար դառնում են մեր արվեստի դեսպանները՝ տարածելով մեր դեպքում՝ հայկական բալետի անունը աշխարհում»: Հատուկ շեշտեց, թե վերջին տարիներին, մաեստրո Դուրգարյանի ղեկավարությամբ, թատրոնում նկատվում է բալետային և օպերային արվեստի զարգացման նոր փուլ։
Հոդվածը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ օպերային թատրոնում իրենց ստեղծագործական աշխատանքն են շարունակում երկու իտալացի արվեստագետներ, բալետի արտիստ Սոֆիա Պագանին՝ մեկ տարի ժամանակով և նվագախմբի երաժիշտ հոբոյահար Լիա Սկալասը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ





















































