Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանված դիվանագիտություն»

Մարտ 03,2026 11:00

Ինչո՞ւ բանակցություններն ընդհատվեցին, ո՞վ ձախողեց դրանք, ինչու էր Օմանի ԱԳ նախարարը վստահեցնում «նշանակալի» ու «վճռական» առաջընթացի մասին, փաստում, թե՝ «խաղաղությունը մոտ է»

Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ էին անցկացրել։ Փետրվարի 26-ին ԱՄՆ-ն ու Իրանը Ժնեւում Օմանի միջնորդությամբ երեք ժամ բանակցել էին։ Հայտնի է, որ քննարկում էին Թեհրանի միջուկային ծրագիրը եւ հնարավորությունները՝ կանխելու ԱՄՆ-ի հարվածները, որը վերջին շաբաթներին մեծ թվով ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել Մերձավոր Արեւելքում, ու շատերի համար էր պարզ, որ Իրանին հարվածելու են, թեեւ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե կոնկրետ երբ:

Ահա, Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին հայտնեց, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում։ Նրա խոսքով՝ ամերիկացի պատվիրակներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները շատ բաց էին «նոր եւ ստեղծարար գաղափարների եւ լուծումների համար»։ Օմանցի պաշտոնյան նաեւ հայտնել էր, որ քննարկվել են թե՛ Իրանի «առաջարկները», թե՛ ԱՄՆ-ի «պատասխաններն ու հարցումները Իրանի միջուկային ծրագրի հիմնական տարրերի» վերաբերյալ, ինչպես նաեւ համաձայնության հասնելու համար «անհրաժեշտ երաշխիքները»։

Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին նույն բանակցությունների վերաբերյալ ասել էր, որ հանդիպումը շատ լարված է անցել, բարձրացվել են նոր գաղափարներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ կարեւոր առաջարկներ են արվել ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Բարձրացվել են հարցեր, որոնց շուրջ կողմերը պետք է լրացուցիչ խորհրդակցեն իրենց ղեկավարության հետ։

Նշյալ բանակցություններից երեք ժամ անց կողմերն ընդմիջում էին վերցրել եւ հեռացել Օմանի դեսպանի կեցավայրից։ Al Jazeera-ի հաղորդմամբ՝ օրակարգում երեք գլխավոր հարց էր՝ որոշել, թե Իրանն ինչ աստիճանի կարող է հարստացնել ուրանը, ինչ անել արդեն հարստացվածի հետ եւ ստեղծել միջուկային ծրագրի թափանցիկությունն ապահովող մեխանիզմ։ Նկատենք, որ Թրամփի վարչակազմում շատերն այս հանդիպումը համարել են դիվանագիտության վերջին հնարավորություն։

IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայացրած առաջարկները նպատակ ունեին ստուգել՝ արդյոք ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված։ Հետեւաբար, եթե ԱՄՆ-ն մերժի դրանք, դրանով կհաստատի Թեհրանի կասկածները, որ մտադիր չէ խնդիրը լուծել դիվանագիտությամբ։

Հարկ է նկատել, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնեւ մեկնելուց առաջ ասել էր, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է «արդար համաձայնության» հասնել, սակայն Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից։ «Մենք պատրաստ ենք պատասխանել հարցերին։ Պատրաստ ենք վերացնել մտահոգությունները, բայց պատրաստ չենք հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման մեր իրավունքից։ Սա է մեր պահանջը», շեշտել էր Արաղչին։

Իրանի գլխավոր դիվանագետը նաեւ նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում մի շարք ռազմաբազաներ ունի, ու եթե պատերազմ սկսի Իրանի դեմ, դա կլինի ավերիչ պատերազմ, որից ոչ ոք հաղթող դուրս չի գա։ «Այնպես որ, դա շատ սարսափելի սցենար է», ընդգծել էր նա։

Հիշեցնենք, որ այս հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը Կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ։ Նույնը կրկնել էր ԱՄՆ-ի փոխնախագահը։ Վենսն ասել էր, թե ԱՄՆ-ն տվյալներ ունի, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք ստեղծել, իսկ դա խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի համար. «Մենք տեսել ենք ապացույցներ, որ նրանք փորձել են անել հենց դա։ Այսպիսով, նախագահն ուղարկում է իր բանակցողներին այդ խնդիրը լուծելու համար։ Նախագահը բազմիցս է ասել, որ ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտությամբ։ Բայց, իհարկե, նախագահն ունի նաեւ այլ տարբերակներ»։

ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել էր, որ միջուկային ծրագրին զուգահեռ՝ Իրանը նաեւ փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել, որոնք կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին, Մերձավոր Արեւելքի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաները։ Ավելին, ըստ Մարկո Ռուբիոյի, ամեն տարի դրանց հեռահարությունն ավելանում է, եւ այդ հրթիռներն այժմ կարող են հասնել նաեւ ԱՄՆ-ին, ինչը «լուրջ սպառնալիք» է երկրի համար։

«Նրանք արդեն ունեն հրթիռներ, որոնք սպառնում են ամերիկյան շահերին։ Նրանք ունեն հազարավոր կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներին… Սա արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիք է», – ընդգծել էր Ռուբիոն։

Ժնեւյան բանակցությունների վերաբերյալ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային Իրանի պետական հեռուստատեսության եթերում պարզաբանել էր, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները գործնական նախաձեռնություններ են ներկայացրել պատժամիջոցների եւ միջուկային խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։

Ինչպես հաղորդել էր IRNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, իրանական պատվիրակությունն օմանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ի բանագնացներին փոխանցել է միջուկային խնդրի կարգավորման առաջարկներ։ Գործակալության տվյալներով՝ Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին առաջարկները փոխանցել է ամերիկացիներին։ Առաջարկների բովանդակության մասին մանրամասներ չէին ներկայացվում։ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ բանակցություններին կարող է մասնակցել նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Փետրվարի 26-ին ավելի ուշ Axios-ը հայտնեց, թե ԱՄՆ բանագնացները հիասթափված են Ժնեւի բանակցություններում Իրանի դիրքորոշումից, չնայած այն փաստին, որ Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ժնեւում անցյալ հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել, եւ հաջորդ շաբաթ տեղի կունենան հետագա քննարկումներ։

Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը «հիասթափված» է եղել առավոտյան նիստի ժամանակ Իրանի դիրքորոշումից։ Հստակ չէ, թե արդյոք կեսօրին որեւէ էական բան փոխվել է, ինչը հանգեցրել է Օմանում շատ դրական արդյունքի։ Օմանի ԱԳ նախարարն անգամ նշել էր, որ հաջորդ քայլերը կլինեն խորհրդակցությունները Վաշինգտոնում եւ Թեհրանում, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն Վիեննայում միջուկային փորձագետների միջեւ տեխնիկական քննարկումները։

Ահա, բանակցությունների ընդմիջման ժամանակ իրանցի պաշտոնյան Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու եւ իր ուրանի պաշարները երկրից դուրս բերելու գաղափարը։ Պաշտոնյան ասել է, որ Իրանի առաջարկը ներառում է ուրանի պաշարների հարստացման ցածր մակարդակի կրճատում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։

Այս մթնոլորտում, փաստորեն, Ալ Բուսաիդին նշել էր, որ երկու կողմերը «փոխանակվել են ստեղծագործական եւ դրական գաղափարներով» եւ «հուսով են ավելի մեծ առաջընթացի հասնել»։ Մյուս կողմից, տարբեր աղբյուրներ լրատվամիջոցներին «հավաստիացնում» էին, թե Ուիթքոֆն ու Քուշները հիասթափված են Իրանի դիրքորոշումից։ Լրատվամիջոցները նշել էին՝ «եթե նրանք Թրամփին զեկուցեն, որ որեւէ առաջընթաց չի եղել, դա կմեծացնի ռազմական հարվածի հավանականությունը»։

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Օմանի արտգործնախարարի կողմից «պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել» արձանագրման համար եղել են հիմքեր։ Առավոտյան հանդիպման ժամանակ Իրանը ներկայացրել է միջուկային համաձայնագրի իր նախագիծը։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Al Jazeera-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակ ժամանակով սառեցնել ուրանի հարստացումը, սակայն Իրանը մշտապես չի դադարեցնի հարստացումը, չի ապամոնտաժի միջուկային օբյեկտները կամ չի հանձնի իր ուրանի պաշարները։ Նախագիծը նախատեսում էր, որ երկիրը կկրճատի ուրանի պաշարները մինչեւ ցածր հարստացման մակարդակներ՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։

Ի դեպ, իրանական աղբյուրը CNN-ին հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում Իրանը հաստատել է, որ երբեք միջուկային զենք չի ունենա, սակայն ցանկացած համաձայնագիր հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի գործողությունը դադարեցնի։ Աղբյուրը նաեւ հավելել էր, որ ոչ մի միջուկային օբյեկտ չի ոչնչացվի, եւ Իրանը կձգտի խաղաղ միջուկային էներգիայի։ Նա հավելել էր, որ բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում եւ Թեհրանում կայանալիք խորհրդակցություններից հետո։ Ավելին, Իրանի ԱԳ նախարար Արաղչին էլ Ժնեւում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ «դրանք ամենալուրջ եւ ամենաերկար բանակցություններն էին»։

Այնուհետեւ, փետրվարի 27-ին Օմանի արտգործնախարարը պաշտոնապես հայտնեց, որ հանդիպել է փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ եւ պատմել նրան Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ընթացող բանակցությունների մանրամասների մասին, ինչպես նաեւ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացի մասին։ «Ես շնորհակալ եմ նրանց մասնակցության համար եւ անհամբեր սպասում եմ առաջիկա օրերին հետագա եւ վճռական առաջընթացի։ Խաղաղությունը մոտ է»,- գրել էր արտգործնախարարը։

Ահա, այս մթնոլորտում ԱՄՆ-ն ու Իսրայելը որոշեցին դադարեցնել բանակցությունները եւ հարվածել Իրանին։ Արդեն Իրան-Իսրայել պատերազմից ժամեր անց հատկանշական էր՝ օտարերկրյա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայի հետեւյալ արձագանքը. «Թշնամին դավաճանեց դիվանագիտությանը»։

Փետրվարի 28-ից սկսված ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի եւ դրանց հետեւանքները, վստահաբար, առնչվելու են ոչ միայն Մերձավոր Արեւելքին։ Սա այլեւ գլոբալ առումով՝ աշխարհաքաղաքական նշանակության նոր փուլ է։

Շարունակությունը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031