«Ցանկացած մեկը, որը հարգում է իրեն`հատկապես, եթե քաղաքական գործիչ է, չի կարող Փաշինյանին հավատալ։ 168-րդ անգամ, եթե որևէ մեկը խաբում է այլ սուբյեկտի, արդեն խաբվող սուբյեկտի մեղքն է։ Ես գիտեի՝ ընդդիմությունն իշխանության հետ գործարքի չի գնում։ Ինձ այդ պրակտիկան ծանոթ չէ, Փաշինյանն իր պրակտիկայի՞ց է առաջարկ անում, ինքն այդպիսի՞ ընդդիմություն է եղել»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի որևէ առաջարկությանը հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը․ «Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, որ ինքը «չի քցել», պահել է խոստումը, հետո առաջարկ անի»։
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր գործիքները սպառվել են, հիմա այս քայլին է դիմում Փաշինյանը․ «Հիմա արդեն իր ԿՎՆ-նն է փորձում․ դա էլ հոգեբանական ճնշման նոր գործիք է, չի աշխատելու։ Եթե սպառնալիքն այն է, որ այնպես կանեմ, որ խորհրդարանում չեք լինի, խորհրդարանում տեղն ու ալիևյան սահմանադրությանն «այո» ասելը համարժեք չեն։ Ուզում է, թող հրաժարական տա»։
Լրագրողների փաստմանը՝ իշխանության ներկայացուցիչները սլաքներն ուղղում են ընդդիմության դեմ ու ասում, որ օրակարգում կա Արցախի և Հայաստանի միավորումը․ «ՀՀ-ում Արցախի և Հայաստանի վերամիավորման քաղաքական օրակարգ չկա, քանի որ Արցախում հիմա հայեր չեն ապրում։ ՀՀ-ում կա Ալիևի պահանջով սահմանադրություն չփոխելու օրակարգ։ Իրենց զայրույթը նրա համար է, որ մեր ասածը հասկանալի է ժողովրդին»։
Կարդացեք նաև
Հարցին՝ «Հայաստան» դաշինքը կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանի սիրտն արտահերթ ընտրություններ է ուզում, թող հրաժարական տա, մենք այդ դեպքում կարտահայտենք մեր դիրքորոշումը»։
Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ Ալիևի պահանջը «պանդորայի արկղ» է, որը եթե բացես, դժվար է լինելու փակելը․ «Ժողովրդական խոսքը չեմ ուզում ասել, որ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ մի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































