Լրահոս
Օրվա լրահոսը

«19 տարեկան էի, երբ առաջին անգամ այցելեցի ձեր երկիր, մասնակցեցի խաչատրյանական մրցույթին, որից հետո ոչ թե մեկ-երկու, այլ բառի իսկական իմաստով՝ բազմաթիվ դռներ բացվեցին». Էտտորե Պագանո

Ապրիլ 14,2026 14:50 Share

Aravot.am-ը քանիցս ներկայացրել է հայ և այլազգի երիտասարդ երաժիշտների, որոնք, առաջին հայացքից, կարծես իրենց կարիերայի առաջին տարիները չեն պատկերացնում առանց մրցույթների մասնակցության, և կարևոր չէ, թե մրցելույթների արդյունքում ինչ հորիզոնականներում են հայտնվում՝ դառնում են դափնեկիր, թե դիպլոմատ։

Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայ հանդիսատեսին ծանոթ իտալացի դիրիժոր Պիեր Կառլո Օրիցիոյի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկած դարձյալ իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոն մրցույթների մասնակցության թվով ռեկորդակիր է։ Ավելին, նա արժանացել է ավելի քան 40 ազգային և միջազգային մրցույթներում միայն առաջին մրցանակի։

Էտտորե Պագանոյի անունն ու կատարողական արվեստը մեզ հայտնի է 2022 թ․ Երևանում կայացած «Արամ Խաչատրյան» անվան 18-րդ միջազգային մրցույթից, որտեղ նա դարձյալ առաջինն էր։ Վստահ ենք՝ կարիք չկա ներկայացնել, թե 23-ամյա երաժիշտը ինչպես է մեկնաբանում նույնիսկ աշխարհահռչակ թավջութակահարների համերգային ծրագրերում հաճախ ընդգրկված Դվորժակի կոնցերտը։

Զրուցեցինք երաժշտի հետ։ Պարզեցինք, որ 9 տարեկանից է սկսել թավջութակ նվագել։ Ուսանել է իրենց գործի վարպետ պրոֆեսորներ Անտոնիո Մենեզիսի և Դավիդ Գերինգասի ղեկավարությամբ։ Ներկայումս էլ շարունակում է դասեր առնել Յենս Պետեր Մայնցից՝ շարունակելով համերգային և, իհարկե, մրցութային գործունեությունը։ Համագործակցել է անվանի դիրիժորների, այդ թվում՝ Լորենցո Վիոտիի, Դմիտրի Յուրովսկու, Էրինա Յաշիմայի, Միշել Գամբայի, Պիետարի Ինկինենի, Ջորջ Փեհլիվանյանի, Կազուկի Յամադայի հետ։ Հյուրախաղային աշխարհագրությունը՝ եվրոպական գրեթե բոլոր երկրներից մինչև Եգիպտոս, Քուվեյթ, Օման և Ամերիկա մայրցամաք։

 

Մեզ հետաքրքրում էր՝ ի՞նչ փոխվեց երաժշտի ստեղծագործական կյանքում, հատկապես խաչատրյանական մրցույթից հետո, մանավանդ որ նա հարցազրույցներում մշտապես առանձնացնում է Արամ Խաչատրյանի և Էնեսկուի անվան մրցույթները։ Արվեստագետը նախ նշեց, թե այո, ինքն առանձնացնում է այդ մրցույթները և անպայման հիշատակում Իտալիայի նախագահից ստացած «Knight of the Republic» («Հանրապետության ասպետ») կոչումը, որը տրվում է ստեղծագործական ձեռքբերումների համար՝ հավելելով, թե միակ արվեստագետն է, որ երիտասարդ տարիքում է արժանացել նման պատվի։

«19 տարեկան էի, երբ առաջին անգամ այցելեցի ձեր երկիր, մասնակցեցի խաչատրյանական մրցույթին, որից հետո ոչ թե մեկ-երկու, այլ բառի իսկական իմաստով՝ բազմաթիվ դռներ բացվեցին։ Այն ժամանակ ընդամենը գիտեի, որ հայերդ տաղանդավոր ազգ եք, ունեք բազմադարյա մշակույթ և Խաչատրյան (ժպտում է)։ Հիմա արդեն արտասահմանյան շատ երկրներում, ինչպես նաև Իտալիայում, բարեկամացել եմ հայազգի արվեստագետների հետ նույնպես՝ մեծամասամբ երաժիշտների։ Բարձրաձայնեմ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի և իտալաբնակ դաշնակահարուհի Մայա Օհանյանի անունները։ Այս բարձրակարգ ու բարձրարվեստ երաժիշտները օժտված են նաև նույնքան բարձր մարդկային հատկանիշներով։ Նրանց շնորհիվ ծանոթացա և հանդես եկա հենց իրենց հետ՝ Բաբաջանյանի ու Մանսուրյանի ստեղծագործությունների կատարումներով Իտալիայում։ Ասեմ, որ մեր ընկերությունը, բարեկամությունը կշարունակվի շատ երկար։

Հիմա մեկնում եմ, բայց ներքին ձայնս ասում է՝ Հայաստան կվերադառնաս, ինչպես ընդունված է ասել՝ մոտ ապագայում, այլ շատ ժամանակ չանցած։ Մի բան էլ՝ ինձ հիացրեց ձեր նվագախմբի որակը. առանց հաճոյախոսության ասեմ, որ նվագախմբի արտիստներից յուրաքանչյուրը, բացի այն, որ ունի անսամբլային գերազանց պատրաստվածություն, կարող է հանդես գալ նաև որպես մենակատար»։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Էտտորե Պագանոն և Պիեր Կառլո Օրիցիոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ֆիլհարմոնիկի հետ ելույթի պահին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930