«Պարոն Փաշինյան, խոսքս ուղղում եմ անձամբ ձեզ, որովհետեւ Հայաստանը վաղուց ձեր ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է, որովհետեւ ներշնչված մի կողմ եք դրել օրենքի ուժ ունեցող կառավարության ծրագիրը, դրժել եք բոլոր խոստումներն ու հիմա թուրք-ադրբեջանական օրակարգն եք դարձրել ուղենիշ։ Անցնող տարիների ձեր դիվանագիտական ձախողումները, անձնական վախերն ու պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի, խորացրել երկրի անկումը»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Որդեգրել եք շարունակական զիջումների՝ այսինքն` քաղաքական եւ քաղաքակրթական ինքնասպանության ճանապարհը։ Հնարավոր պատերազմի պարագայում արդարացնում եք նաեւ հերթական ագրեսիան։ Սա խաղաղության մասին չէ, ինչպես խաղաղության մասին չեն Բաքվի դատավարությունները, Հայաստանի օկուպացված տարածքները, վերջին շրջանում Ադրբեջանի դիրքային առաջխաղացումը։ Հանձնվել եւ տալ, սա է ձեր անվտանգային կոնցեպտը։ Սա անուն ունի՝ փուլային կապիտուլյացիա։ Արդար, կայուն եւ երկարատեւ խաղաղությունը ոչ թե շարունակական զիջումներով է հաստատվում, այլ ամբողջական եւ արժանապատիվ լուծումներով, ինչի կարողությունը դուք չունեք։ Նաեւ պետության մասին ձեր պատկերացումները հակաօրինական են եւ անառողջ։ ՔՊ նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգի հրապարակումն ինքնին հանցագործություն է սահմանադրական կարգի դեմ։ Իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը։ Բայց մինչ այդ հիշեք՝ դուք չունեք եկեղեցի բարենորոգելու որեւէ լիազորություն»,- հավելեց նա։
Գալստյանի խոսքով՝ Ադրբեջանը յուրացնում եւ ոչնչացնում է հայկական հետքն ու ժառանգությունը, իշխանության կողմից զրո դիմադրություն։ «Ի՞նչ սպասել կառավարությունից, երբ մեր իրավունքները հենց դուք եք մերժում, երբ հակառակորդի պահանջով Սահմանադրություն եք փոխում։ Պատմության ռևիզիա եւ պարտության լեգիտիմացում՝ սա է ծրագիրը, որին լծվել եք դուք եւ այն անուն ունի՝ ազգային ուրացում։ Այնուամենայնիվ, այսպես կոչված իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք, դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք։ Իհարկե, սա ձեր անձնական ընտրությունն է, բայց ձեզ ոչ ոք թույլ չի տվել ջնջել մեր ազգային հիշողությունը, աճուրդի հանել մեր անցյալն ու ապագան»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Լիլիթ Գալստյանը հիշեցրեց՝ Արցախում թշնամուն է թողնվել 237 դպրոց եւ Ամարասը՝ հայոց առաջին դպրոցը, 400 վանք ու եկեղեցի, 7 քաղաք ու հարյուրավոր գյուղեր, պարզապես 3 000-ամյա հայրենիք, որը գին չունի, եւ հիմա ՀՀ իշխանության լուռ հայացքի ներքո գետնին է հավասարեցվում։
«Դուք նաև դպրոցներ եք փակում՝ 2026-ի սեպտեմբերից հիմնականում սահմանամերձ մարզերում փակվելու է շուրջ 229 դպրոց, որոնցից 218-ը համայնքների միակ դպրոցն է։ Փակվում են Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի դպրոցների գրեթե կեսը։ Սա նշանակում է դատարկել սահմանամերձ գյուղերը, թշնամու առջեւ բացել երկրի դարպասները։
«Պարոն Փաշինյան, թմբուկի հարվածների տակ հնարավոր չէ թաքցնել իրականությունը՝ ձախողվել եք բոլոր ոլորտներում։ Սիրելի հայրենակիցներ, այո, պատկերն հուսահատեցնող է, բայց կա ճանապարհ՝ մերժել այս իշխանություններին եւ վերականգնել սահմանադրական կարգն ու ազգային պետական ուղեգիծը։ Այդ օրը հունիսի 7-ն է, միասին մենք կարող ենք»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































