Մեր ուշադրությունը գրավեց այն, որ այս իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում եւ ամենաանթույլատրելի մեթոդներով ներխուժում է մարդկանց անձնական կյանք՝ գաղտնալսում ոչ միայն ուղիղ եւ բջջային հեռախոսակապի միջոցները, այլեւ ինտերնետ հավելվածները, հավանաբար՝ կապ հաստատելով Վոթսապ, Տելեգրամ, Վայբեր կապի օպերատորների հետ։ Մինչդեռ իշխանությունն անթաքույց եւ հրապարակային ընտրակաշառք է բաժանում, Ընտրական օրենսգիրք խախտում՝ մնալով անպատիժ։
Թեմայի մասին զրուցել ենք փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:
– Արդեն քանի օր է՝ իշխանությունների հրահանգով մարդիկ են ձերբակալվում՝ ընդդիմության ներկայացուցիչներ: 2 ամսական երեխայի մորն էին ձերբակալել՝ իբր կաշառք տալու համար, սակայն նույն Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավների ժամանակ մարդկանց աշխատավարձերի բարձրացում է խոստանում, բացահայտ հայտարարում է, որ քաղաքացիներին կաջակցի` տարբեր հարցերով, տվյալներ է վերցնում մարդկանցից, խոստանում է աշխատանքի տեղավորել: Դրանք ընտրակաշառք չե՞ն, փոխարենը ընդդիմության գործողությունները դիտարկում են որպես ընտրակաշառք:
– Ես չեմ հանդիպել որեւէ տեղ, որ ընդդիմադիրներն անեն այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իր ընտրարշավի ժամանակ ամեն բան անում է օրենքի սահմաններում: Արդյո՞ք նա չի խախտում բարեգործության արգելքը կամ ընտրակաշառքի տարրեր պարունակող հայտարարություններ չի անում: Մենք բացահայտ տեսնում ենք այս քայլերը Փաշինյանի կողմից, սակայն ընդդիմության կողմից ես անձամբ չեմ նկատել նման բան: Մարդիկ աշխատավարձ են ստացել, աշխատանքի դիմաց գումար են ստացել, ուստի այն որեւէ կերպ չի կարող համարվել քրեական հանցագործություն: Այս իշխանություններն ուզում են հանցագործության բացակայության պարագայում պախարակել եւ թիրախավորել կոնկրետ ուժին: Մանկահասակ երեխայի մորն են փորձում ներկայացնել որպես հանցագործ եւ դրան գումարած՝ ուզում են ցույց տալ, թե իբր այնքան մեծահոգի են, որ ընտրակաշառքի դեպք են բացահայտել, սակայն, հաշվի առնելով, որ կինն ունի մի քանի ամսական երեխա, ընդառաջում են նրան…. այս ամենը մի մեծ մանիպուլյացիայի մաս է հանդիսանում: Այն բոլոր ձայնագրությունները, որոնք հրապարակում են, զերծ են քրեորեն պատժելի հանցակազմերից: Եթե մարդն անմեղ է, եթե նա ոչինչ չի արել, ինչո՞ւ պետք է կալանավորվեր կամ ինչո՞ւ պետք է այժմ որոշակի սահմանափակումների տակ հայտնվի: Վստահաբար, այդ ձայնագրությունները հրապարակվում են կիսատ-պռատ, բայց անգամ այդ պարագայում, երբ հրապարակվում է իշխանությունների համար ամենաձեռնտու հատվածը` հանրության մոտ տպավորություն ստեղծելու համար, անգամ այդ դեպքում չկա հանցակազմի տարր այդ հրապարակումներում: Խնդրահարույց են բացառապես իշխանության գործողությունները: Խուզարկություններ են տեղի ունենում, ձերբակալություններ եւ այլն, այս գործողությունները կարող ենք դիտարկել Ընտրական օրենսգրքի խախտման համատեքստում։ Իշխանությունները, ունենալով քրեաիրավական համակարգի լծակները, բոլոր ընդդիմադիր ուժերին փորձում են փնովել եւ շեղել բուն ընտրական գործընթացներից: Կարող ենք արձանագրել, որ խոստումներ տալիս են բոլորը, սակայն իշխանությունների կողմից դա արվում է համատարած: Պետության պարտականության կատարումը` կենսաթոշակների ավելացումն այս փուլում, երբ պետական բյուջեում չի եղել նման բան սահմանված, կարող ենք դիտարկել մեծագույն ընտրակաշառք: Տաքսիների տուգանքների վերացումը, տոկոսների անհուսալի դասակարգումները եւ այլն, եւս կարող ենք դիտարկել ընտրակաշառքի տրամաբանության մեջ: Իշխանությունն ասում է, որ դա պետության պարտականությունն է, բայց, ներողություն, դա հո ընտրություններից առաջ չի՞ դարձել պետության պարտականությունը, այն պետության պարտականությունն է եղել միշտ: Ինչպե՞ս է ստացվում, որ ամեն բան արվում է ընտրություններից առաջ: Սրանք՝ բոլորը, ընտրակաշառքի տարրեր են պարունակում: Այն բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունենում վերջին օրերին, ես դիտարկում եմ իշխանության կողմից հրահրված պրոցեսի մի մաս:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































