ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ արտահերթ համագումարին ի թիվս այլնի նշեց, որ ունեն ռազմական ռեֆորմի վրա աշխատող լուրջ թիմ, որտեղ ընդգրված են գեներալ մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ գեներալ մայոր Վալերի Քոչարյանը, որոնց երկուսին էլ բնորոշեց ստատեգիական մակարդակի զինվորականներ: ՀԱԿ-ի ՀՀ զինված ուժերի զարգացման եւ բարեփոխման ծրագիրը ներկայացրեց գերերալ մայոր Իշխան Մաթեւոսյանը:
«Ավարտվում է պատրանքների ժամանակաշրջանը, երբ շատ քաղաքական գործիչներ հնչեցնում են քաղաքական, սոցիալական, բարոյական եւ հասարակության համար կենսունակ այլ ոլորտների օրինաչափությունների հետ ոչ մի առնչություն չունեցող թեզեր եւ կարգախոսեր: Դրանք չեն արտացոլում մեր պետության առջեւ կանգնած մարտահրավերներն ու սպառնալիքները, այնինչ այդ շարունակական աշխատանքը պետք է իրականացվի պետության կենսագործունեության բոլոր ոլորտների համար միասնական, իրատեսական, դեպի զարգացում տանող պետական քաղաքականության մշակմամբ եւ իրագործման միջոցներով:
Այս ամենը գտնելու է իր մանրամասն արտացոլումը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում եւ դրանից բխող ռազմական դոկտրինի հիմնական դրույթներում, դրա համար ներկայացնում եմ հիմնական եւ գլխավոր ուղենիշները:
Ելնելով իր տնտեսական եւ ժողովրդագրական տվյալներից՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել զորակոչից ոչ այսօր, ոչ էլ մոտալուտ ապագայում: Մեր ընտրությունն արդյունավետ խառը տիպի բանակն է, որը պետք է կարողանա ապահովել պետության ու պաշտպանության խնդիրը: Ովքեր խոստանում են անհապաղ անցում դեպի իրենց պատկերացրած պայմանագրային բանակին, զբաղված են էժան պոպուլիզմով եւ մոլորեցնում են ազգը»,-ասաց գեներալ-մայորը:
Կարդացեք նաև
«Մենք երբեք թույլ չենք տա ընդունել այնպիսի օրենքներ եւ ներդնել այն գաղափարը, որը կփորձի փողի դիմաց ազատվել զինվորական ծառայությունից: Դա սոցիալական ու բարոյական անդունդ տանող ուղիղ ճանապարհն է: Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտքը չպետք է ունենա գնապիտակ, իսկ զինվորական արժանապատվությունը չպետք է հանվի վաճառքի»,- ի թիվս այլնի հավելեց գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը:
Նա նշեց, որ դպրոցների ուսումնական ծրագերում վերականգնվելու են նախնական զինվորական պատրաստության, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմություն առարկաները, որոշ բուհերում՝ նաեւ ռազմական ամբիոնները:
«Մեր նպատակը ոչ թե շքերթների ու շքահանդեսների բանակ ունենալն է, այլ ազգային արժանապատվության եւ սահմանադրական պարտականությունը կատարելու ունակ բանակը»,-ասաց գեներալ մայորը՝ ՀԱԿ-ի ՀՀ զինված ուժերի զարգացման եւ բարեփոխման ծրագիրը ներկայացնելիս:
ՀԱԿ համագումարը՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































