Մեծ նպատակները երբեք միայնակ չեն իրականացվում։ Դրանք կյանքի են կոչվում մարդկանց համագործակցությամբ։ Իսկ համագործակցության հիմքում վստահությունն է, փոխադարձ հարգանքը, ներքին խաղաղությունը և ընդհանուր ուղղությամբ շարժվելու կարողությունը։
Բայց հենց այստեղ է առաջանում ամենատարածված խոչընդոտներից մեկը՝ չզսպված կարծիքը։
Երբ թիմի ներսում տարաձայնությունը վերածվում է անձնական բախման, մարդիկ սկսում են բաժանվել խմբերի, ընտրել կողմեր, պաշտպանել ոչ թե գործը, այլ իրենց նախընտրած անձանց։ Այդ պահին ընդհանուր նպատակը հետին պլան է մղվում։
Կարծիքի անհամաձայնությունից հետո մեր միտքը հաճախ ներսում շարունակում է վիճել այդ մարդու հետ՝ ավելի խորացնելով հակակրանքը։ Իսկ դա խոչընդոտ է ստեղծում հաջորդ անգամ նրա հետ անկաշկանդ համագործակցելու համար։ Մեզ պետք չեն այդ խոչընդոտները, մեզ պետք է համագործակցություն։
Կարդացեք նաև
Հայաստանում բազմաթիվ նախաձեռնություններ, կազմակերպություններ, շարժումներ և նույնիսկ ընկերական շրջանակներ թուլացել են ոչ թե ռեսուրսի պակասից, այլ կարծիքների բախումից։ Շատ հաճախ խնդիրը ոչ թե գաղափարական տարբերությունն է, այլ այն, որ երբեմն մարդուն իր կարծիքից չի լինում զանազանել։
Սրանից հեշտությամբ օգտվում են հակառակորդները և տարբեր ազդեցության կենտրոններ՝ մեր ազգային ընտանիքում կարծիքային, գրգռիչ կռվախնձորներ աճեցնելով, խորացնելով տարակարծություններն ու բաժանումները։
Մինչդեռ մարդը միայն իր կարծիքը չէ։ Նա նաև փորձ է, հմտություն, կապեր, ստեղծագործ միտք, կազմակերպչական կարողություն, պատասխանատվություն։ Երբ մենք որևէ մեկին մերժում ենք միայն նրա կարծիքի պատճառով, երբեմն կորցնում ենք նաև նրա օգտակար ներուժը։
Եթե բժիշկը, ծրագրավորողը, ուսուցիչը, զինվորը, կազմակերպիչը կամ արվեստագետը կարող է նպաստել ընդհանուր գործին, ապա առաջնայինը նրա կիրառելի կարողությունն է, ոչ թե յուրաքանչյուր հարցի շուրջ մեր համաձայնությունը նրա հետ։
Այդ պատճառով կարծիքի չափազանցված կարևորացումը նույնքան վնասակար է, որքան նեղացկոտությունը, որը քննարկվել էր հոդվածի նախորդ մասում։ Երկուսն էլ անձնական «ես»-ը բարձրացնում են ընդհանուր նպատակից վեր։ Երբ մարդը չի կարող լռել միայն նրա համար, որ պարտադիր պետք է իր տեսակետը հնչի, նա հաճախ ծառայում է ոչ թե առաքելությանը, այլ սեփական ինքնահաստատմանը։
Սրանից հետևում է կարևոր կանոն․ եթե տարաձայնությունը սկսում է քայքայել միասնականությունը, պետք է կարողանալ զսպել կարծիքի արտահայտումը՝ լինի դա առցանց, թե իրական կյանքում։ Ամեն միտք պարտադիր չէ հնչեցնել, ամեն վեճ պարտադիր չէ շարունակել, ամեն անհամաձայնություն պարտադիր չէ վերածել ճակատամարտի։
Մեր կարծիքը այնքան կարևոր չէ, որքան ընդհանուր նպատակը։ Մեր կարծիքը կարող է գոյություն ունենալ մի քանի տարի կամ մի ամբողջ ժամանակաշրջան, իսկ նպատակը հարատև է։ Տարակարծիքը ծանր քարի պես է․ պատրանք է կարծել, թե եթե այն արտահայտես, վրայիցդ կգցես։ Հաճախ ճիշտ հակառակն է՝ արտահայտելը ավելի է ծանրացնում քարը։
Մենք նպատակներին հասնում ենք ոչ թե անընդհատ խոսելով, այլ կարողությունները ճիշտ միավորելով։
Իհարկե, սա վերաբերում է այն դեպքերին, երբ մարդիկ շարժվում են նույն առաքելությամբ և նույն ուղղությամբ։ Եթե նպատակը հակադիր է կամ կործանարար, լռությունը այլևս առաքինություն չէ։ Այդ դեպքում արդեն անհրաժեշտ է դիմադրություն, հակադարձում և պայքար։
Բայց երբ նպատակը ընդհանուր է, երբ ուղղությունը մեկն է, երբ գործը մեծ է՝ երբեմն ամենախելացի խոսքը չասված խոսքն է։
Հոդվածի հաջորդ մասում կքննարկվի տարատեսակ մտքերի կիրառելիության արդյունավետությունը, ոչ թե միակ ճիշտ մտքի փնտրտուքը։
«Ռազմավարական հայը» հոդվածի առաջին մասում քննարկվեց, որ աշխարհի կարգ ու կանոնի վերականգնման հնարավոր սուբյեկտներից մեկը հայությունն է։
Երկրորդ մասում խոսվեց, որ այդ առաքելությունն իրականացնելու համար ազգային ինքնությունը պետք է բարձրացվի վերազգային մակարդակի՝ դեպի Երկիր մոլորակին օգտակար լինելու գիտակցություն։
Հոդվածի նախորդ մասից քննարկվում է, թե ինչպիսի մտածողություն, վարք և կենսակերպ է անհրաժեշտ, որպեսզի այդ ազգային-վերազգային առաքելությունը հասնի նպատակին։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ


















































