Լրահոս
Օրվա լրահոսը

Ուտելու վարքագիծը՝ որպես ընտրական ուղերձ

Մայիս 28,2026 13:30 Share

«Կերակուրը կուռք մի դարձրեք»,-իր «փոքրիկ ընկերներին» խրատում էր Օստապ Բենդերը՝ Իլֆի և Պետրովի հավերժ արդիական «Ոսկե հորթը» ստեղծագործության գլխավոր հերոսը։ Այս թևավոր խոսքն եմ ակամա մտաբերում՝ հետևելով ընթացող քարոզարշավին, որտեղ բարձրաստիճան քաղաքական ղեկավարները ցուցադրաբար խախտում են սննդի ընդունման տարրական կանոնները՝ այդ վարքագիծը վերածելով քաղաքական ներկայացման պարտադիր բաղադրիչի։

Քաղաքականության մեջ ժեստերը հազվադեպ են լինում պատահական։ Առավել ևս նախընտրական շրջանում, երբ առաջնորդների վարքագծի յուրաքանչյուր մանրուք ընկալվում է որպես ուղերձ ընտրողին։ Երբ հանրային գործիչն ուտելիքը ձեռքին պարբերաբար հայտնվում է տեսախցիկների առջև, դա այլևս ֆիզիոլոգիա չէ։

Գիտնականների դիտարկմամբ՝ սնվելու վարքագիծը պայմանավորված է ոչ միայն քաղցի զգացումով, այլ մարդու խառնվածքով, հուզական վիճակով, տագնապայնությամբ և իմպուլսիվությամբ։ Այս ոլորտի հայտնի մասնագետներից է մեր հայրենակից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Մեհրաբյանը։ Որպես հույզերի, խառնվածքի և միջանձնային հաղորդակցության հետազոտող՝ նա հայտնի է մարդու կայուն անձնային հատկանիշների և վարքագծի, այդ թվում՝ ուտելու սովորությունների գիտական հետազոտություններով։

Ա. Մեհրաբյանի «Ուտելու բնութագրերը և խառնվածքը» (Eating Characteristics and Temperament) աշխատությունը նվիրված է անհատի սնվելու ոճերի, խառնվածքի և անձնային առանձնահատկությունների փոխկապակցվածության ուսումնասիրությանը։ Գրքում ներկայացված են ուտելու վարքագծերը և դրանց կապը մարդու հոգեբանական կերպարի հետ։ Հեղինակը եզրակացնում է, որ սննդային վարքագիծը ոչ միայն սովորություն է կամ քաղցի նկատմամբ արձագանք, այլ մարդու հուզական աշխարհի մաս։ Այն, թե ինչպես է մարդը սնվում, պայմանավորված է ոչ միայն իրավիճակային հանգամանքներով, այլև նրա խառնվածքի, հոգեբանական և անձնային առանձնահատկություններով։ Որոշ մարդիկ տագնապի և լարվածության պայմաններում սկսում են ավելի շատ ուտել, մինչդեռ մյուսների մոտ նկատվում է հակառակը՝ ախորժակի կորուստ կամ ինքնասահմանափակում։

Այս տեսանկյունից ընտրողների առջև ուտելու քաղաքակիրթ կանոնների խախտումը կարող է պայմանավորված լինել որոշակի պատճառով և հետապնդել հստակ նպատակ։ Առաջին՝ հանրային քննադատության և դատապարտման պայմաններում ինքնատիրապետումը պահպանելու անհրաժեշտությունն առաջացնում է սթրես, ինչն էլ մեծացնում է հուզական լիցքաթափման և արագ վերականգնման պարզ ու հասանելի մեխանիզմների նշանակությունը։

Երկրորդ՝ ըստ ամենայնի, քաղտեխնոլոգները ներշնչել են իրենց խնամարկյալներին, որ ոչ նորմատիվ սննդային վարքագիծը մերձավորության զգացում է ստեղծում ընտրողների հետ։ Այս հնարքը կարող է բավական արդյունավետ լինել այն ընտրազանգվածի շրջանում, որը բարեկրթության նորմերը ընկալում է որպես մեծամտության և սոցիալական հեռավորություն պահելու դրսևորում, իսկ խոսքի ու բարքերի անտաշությունը՝ որպես ինքնավստահության, անկեղծության և «յուրայիններին» պատկանելու նշան։

Այսպիսով, ուտելու մշակույթը ոչ թե կենցաղի տարր է, այլ՝ ազդակ. «յուրային ենք, նույն միս ու արյունից»։ Որոշ «ընտրյալներ» հաղորդակցվում են ոչ միայն բառերով. նրանք իրենց ուղերձները փոխանցում են նույնիսկ նրանով, թե ինչ, ինչպես և որտեղ են ուտում։ Եվ եթե մեկ դար առաջ Օստապ Իբրագիմովիչը հեգնում էր «կերակուրի կուռքը», ապա մեր իրականության մեջ դա վեր ածվեց ընտրական գործիքի։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031