Լրահոս
Օրվա լրահոսը

Կհեռանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը ընտրություններում պարտվելու դեպքում

Մայիս 26,2026 12:00 Share

Վերջին տարիներին Հայաստանում ծավալվող երևի թե բոլոր քաղաքական իրադարձությունները հնարավոր կամ փաստացի դրամատիկական հետևանքներով են լեցուն։ Դժվար է հստակ նշել, թե երբ և ինչպես սկսվեց Հայաստանի գահավիժումը՝ 2018 թ-ի իշխանափոխությունի՞ց, թե՞, օրինակ, 2015 թ-ի սահմանադրական փոփոխություններից, երբ Հայաստանը նախագահական կառավարումից անցում կատարեց խորհրդարանականի։ 2018 թ-ի իշխանափոխությունի՞ց, թե՞ նույն թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ 2020 թ-ի պատերազմի պարտությունի՞ց, թե՞ 2021 թ-ի հետպատերազմյան արտահերթ ընտրություններից։ Սրանք մասնագիտական բանավեճերի, ուսումնասիրությունների թեմաներ են, որ միգուցե ավելի տեսանելի և լիարժեք հետազոտել հնարավոր կլինեն տասնամյակների հեռվից, ոչ հիմա։

Այս պահին կարծես թե միայն հստակ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, դրանց նախապատրաստումը, ընտրարշավի անցկացումը զուտ դրամատիկ չեն՝ լեցուն քարոզարշավներին բնորոշ փայլուն փաթեթավորումներով, խոստումներով, մտաշահարկումներով (մանիպուլյացիա), հայ հանրությանն արդեն բնորոշ դարձած ատելության խոսքով, սպառնալիքներով։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները խաղաղ, կամ ավելի ճիշտ՝ ոչ ակտիվ պատերազմական իրավիճակում (որովհետև «խաղաղություն» հասկացությունը վաղուց արդեն Հայաստանին չառնչվող երևույթ է) կենաց-մահու ճակատամարտ են հիշեցնում։ ՀՀ քաղաքացիներին հրամցվող խոստումները շատ էական հարցերում բացարձակ բևեռային են․ մոտեցումները հայ ժողովրդի վաղվա օրվան ոչ թե սոցիալական, կրթական, առողջապահական բնույթի հարցերում են տարբերվում, այլ գոյաբանական՝ ՀՀ տարածքների հանձնում, արցախցիների իրավունքներ, հայատյացության ախտով տառապող թուրքական պետությունների առջև վերջնական կապիտուլյացիա՝ իր ողջ սպեկտրով՝ ցեղասպանության ճանաչման հրաժարումից մինչև Արցախի հարցի փակում, ադրբեջանցիների բնակեցում և այլն։

Թե ինչու ընդդիմությունը հինգ տարվա ընթացքում ի վիճակի չեղավ կամ չցանկացավ կասեցնել Արցախի ամբողջական և Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի տարածքների հանձնումը, անպատասխան հարց է։ Ինչպես էլ արդարանան, ում էլ մեղադրեն ընդդիմադիր ուժերը, այդ հարցը նրանց հետևելու է այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից։ Այն մնալու է սև ու ամոթալի բիծ կուսակցությունների և անհատ գործիչների կենսագրություններում։

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ են մտածում, ինչ են ծրագրում կուսակցություններն ու անհատ գործիչները հիմա, երբ Հայաստանի վերացման հետհաշվարկը կարծես սկսել է։ Խորհրդարանում հայտնված երկու ընդդիմադիր ուժերից ՀՀԿ-ն որոշում է կայացրել այս անգամ չմասնակցել ընտրություններին, այլ սատարել հավաքական ընդդիմությանը՝ ընդդեմ իշխող ուժի։ Անցած ամիս Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ խոսել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման անհրաժեշտության մասին։ Այո՛, անհրաժեշտ է։

Նախորդ ընտրություններում ընդդիմության առաջնորդողի հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կրկին գնում է ընտրությունների՝ գրեթե նույն կազմով, նույնպիսի վստահությամբ, ինչպես նախորդ անգամ։ Ընկալումների տարբերությունը՝ ինչ իրենք են պատկերացնում իրենց մասին և ինչ՝ ուրիշները, հավանաբար չի խանգարում նրանց վստահ լինել, որ իրենք ևս մեկ անգամ հաջողելու են։ Սակայն ուշագրավ է, որ օրինակ 2025 թ-ի նոյեմբերին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոստովանել էր, որ իր համար անակնկալ էր պարտված ղեկավարի վերընտրվելը և հետևաբար իրենց չընտրվելը։ Այո՛, շատերի համար էր զարմանալի։ Ընդհանրապես Հայաստանում հանրային ընդհանուր ակնկալիքն էր, որ պատերազմում պարտված ղեկավարը պետք է հեռանա և չի վերընտրվի։ Սակայն Հայաստանի պարտված ղեկավարը ոչ միայն վերընտրվեց, այլև ամրացրեց իր իշխանությունը և ամենայն հավանականությամբ կրկին կընտրվի հունիսի 7-ին։

Հայաստանի երկու նախկին ղեկավարների և հասարակության ստվար զանգվածի «պետք է»-ին և զարմանքին ի պատասխան՝ քաղաքագիտությունում գոյություն ունի «հանցավոր առաջնորդի» հասկացությունը, որը բավական հստակ բացատրում է, թե ինչու պատերազմում պարտված քաղաքական գործիչը ձգտում է մնալ իշխանության։ «Հանցավոր առաջնորդը»[1] (culpable leader) չեզոք արտահայտություն է, ոչ թե իրավաբանորեն ապացուցված մեղադրական դատավճիռ։ Դա վերաբերում է այն ղեկավարներին, որոնց օրոք պետությունը ներքաշվել է պատերազմի մեջ ու կրել պարտություն, և պարտադիր չէ, որ ղեկավարի մեղքով լինի պարտությունը։ Այս պահին կարիք և իմաստ չկա մանրամասնելու տեսությունը, պետության կառավարման տեսակներից կախված ղեկավարի վարքագծի հնարավոր տարբերակները և այլն։ Կարճ՝ ըստ տեսության՝ հաճախ հանցավոր առաջնորդը նախընտրում մնալ է իշխանության՝ հնարավոր պատժից խուսափելու համար, քանի որ, իշխանազրկվելուց հետո ամենայն հավանականությամբ նա պատասխանատվության կենթարկվի պատերազմում պարտվելու համար։ Ըստ Կրոկոյի՝ առաջնորդը կանգնում է երկընտրանքի առաջ՝ հրաժարվե՞լ պաշտոնից, թե՞ շարունակել պատերազմը։ Հայաստանի դեպքում, առանց պատերազմը կանգնեցնելու տարբեր հնարավորությունները քննարկելու (դա առանձին և ավելի մեծածավալ ու լուրջ հետազոտության թեմա է), պետք է հասկանալ, որ, պատերազմը դադարեցնելուց ի վեր, երկընտրանքը կարող էր լինել հետևյալը՝ ինքնակամ հրաժարվե՞լ ղեկավարի պաշտոնից, թե՞ շարունակել կառավարել։

Հայաստանի նախորդ և մոտալուտ ընտրությունները քննարկելու, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու հաստատակամությունը հասկանալու համար հասարակությունը՝ հատկապես ընդդիմադիր գործիչները, պետք է գիտակցեն այդ պարզ հաշվարկը։ 2020 թ-ի նոյեմբերի 10-ից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին պատժելու ցանկությունը հասարակության մեջ կարծես թե գնալով ավելանում է։ Պատժի մի տարբերակ էր 2021 թ-ի ընտրություններում նրա հավաքած ձայների քանակը՝ 2018 թ-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների 70%-ի համեմատ 2021 թ-ին «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրողների գրեթե հավասար մասնակցության պայմաններում ստացավ ընդամենը 53% քվե։ Այս տարվա փետրվարի դրությամբ հարցումները մոտավորապես 30% վարկանիշ են ցույց տալիս։

Անցած հինգ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կրել է սարսափելի ու անդառնալի կորուստներ։ Արցախի պատերազմում պարտությանը և մոտ 5000 հիմնականում երիտասարդ տղամարդկանց կորստին գումարվել են Արցախի ամբողջական կորուստը, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի դիրքերի ու գյուղերի հանձնումը, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում նորանոր ողբերգական զոհերը, կորուստները, Եկեղեցու ու Նվիրապետական աթոռի դեմ ոտնձգությունները, երկրի ներքաղաքական մթնոլորտի վատթարացումը, բռնաճնշումները, ձերբակալությունները, ադրբեջանական քարոզչական թեզերի՝ իշխանության բերանով տարածումը, Արցախի՝ հայկական լինելու պատմական ճշմարտությունը հերքելը, Բաքվում գտնվող հայ պատանդների խնդրի անտեսումը, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ նաև ավելի ու ավելի խորացող ատելության խոսքը, պառակտումը, նյարդային մթնոլորտը, հասարակական անհամերաշխությունը, ուժային կառույցների գործողություններում աճող դաժանությունը և այլն։ Ատելություն սերմանողը ատելություն է հնձում։ Այսօր Հայաստանում գերիշխող զգացմունքը հավանաբար հենց ատելությունն է։ Իշխանությունը ենթադրաբար գիտի, որ այսօր Հայաստանում ամենաատելի ուժը, խումբը ինքն է։ Որքան շատ մարդ իրենց ատի, այնքան մեծ կլինի նրանց պատժի ենթարկելու ակնկալիքը, եթե նրանք պարտվեն ընտրություններում։ Հետևաբար՝ ինչպե՞ս լքել իշխանությունը ինքնակամ։

Այս ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժի հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վերջերս Նազենի Հովհաննիսյանին տված հարցազրույցում ասաց, որ վստահ է իր հաղթանակում, քանի որ (իր խոսքերի մոտավոր վերաշարադրումն է) վստահ է իր ձեռնարկած գործի հաջողության մեջ։ Եվ որ չկա պլան Բ, այլ միայն պլան Ա՝ հաղթանակ ընտրություններում։

Վերջին տարիներին ընդդիմության բոլոր ձախողումները հասարակության աչքի առաջ են, կարճաժամկետ հետևանքները՝ հասարակության մաշկին, երկարաժամկետ հետևանքները սերունդների մաշկին կլինեն։ Վերջին տարիներին ընդդիմության ամեն նոր ձեռնարկից առաջ և ամեն ձախողումից հետո լուրջ մասնագետներն անդադար կրկնում են՝ պետք է նախապատրաստվել, ունենալ տարբեր սցենարներով զարգացումների համար տարբեր պլաններ։

Նիկոլ Փաշինյանը հստակ առաջ է գնում իր օրակարգով։ Այս տարիների փորձը ցույց է տալիս, որ նա սովորաբար ունի պլաններ՝ Ա, Բ, Գ, Դ․․․և Օ, Ֆ։ Նիկոլ Փաշինյանն ունի նաև վարչական ահռելի և կուռ ռեսուրս, կուռ ուժային կառույցների օժանդակություն, արտաքին խաղացողների թաքնված և անթաքույց աջակցություն, ինչպես նաև թեև նվազած, բայց կայուն ընտրազանգված։ Մյուս կողմից էլ, անկախացումից ի վեր, Հայաստանի Հանրապետության նախորդ կառավարությունները թողել են (մեկ-երկու բացառությամբ) ընտրախախտումներով անցկացվող ընտրությունների հարուստ ավանդույթ ու ժառանգություն։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, ինչպես արդեն նշվեց, իրենց աչքի առաջ ունեն իրենց սերմանած խոր ատելության պտուղներ քաղելու հեռանկար, եթե պարտվեն։

Եվ այսպես հարց․ կգնա՞ն Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները ինքնակամ, եթե պարտվեն առաջիկա ընտրություններում։ Պատրա՞ստ են արդյոք նրանք առերեսվել բազմաթիվ հնարավոր քրեական հետապնդումների և հասարակության մեջ սերմանած ատելության «արգասիքը» քաղելու։ Եվ ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե հունիսի 9-ին պարզվի, որ անգամ պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հեռանալու ծրագրեր չունի, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այս ամենը ոչ թե կանոնավոր քաղաքական գործընթացների է նման, այլ կենաց-մահու ճակատամարտի։

Սա բնականաբար կոչ չէ զինված պայքարի կամ ապօրինի գործողությունների։ Սրանք Հայաստանի վաղվա օրով անհանգիստ քաղաքացու հռետորական հարցեր են։ Հռետորական, քանի որ ընդդիմությունը միևնույնն է՝ ունի միայն մեկ պլան՝ Ա։ Եվ, ցավոք սրտի, ըստ ընդդիմադիրի հայտ ներկայացրած բոլոր ուժերի առաջնորդների պլան Ա-ի՝ հենց իրենք են հաղթելու ընտրություններում, Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հեռանալու է իշխանությունից հենց իրենց հաղթանակի շնորհիվ, իսկ երկնքից երեք խնձոր է ընկնելու։

Հաղթելո՞ւ են արդյոք և, անգամ եթե հաղթեն, հեռանալո՞ւ է արդյոք։

 

Նարինե Աղաբեկյան

[1] CROCO, S. E. (2011). The Decider’s Dilemma: Leader Culpability, War Outcomes, and Domestic Punishment. The American Political Science Review, 105(3), 457–477. http://www.jstor.org/stable/41480852

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031