Այսօր Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Վարդան Ղուկասյանը դատական նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ուրիշ բան չէր էլ սպասում։
«Լավ բան չէի էլ սպասում, հաստատ գիտեմ, որ եկեղեցի գնացողը չէր կարող էս ձևի վերաբերմունք ցուցաբերեր»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Թե ինչու են իրեն պահում կալանքի տակ, բանտային կալանքը գոնե տնայինով չեն փոխարինում, Վարդան Ղուկասյանը մեկ բացատրություն ունի․ «Վախենում են, որովհետև իրենցից շատ ձայներ ունեմ Շիրակում, Գյումրիում»։
Կարդացեք նաև
Նա նաև նշեց՝ եթե շարունակի կալանքի տակ մնալ, ավելի վատ կլինի իշխանավորների համար, ժողովուրդը դեմ կքվեարկի նրանց։
Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդի» համերգին Գյումրիում, ասաց, որ հարցնելու շատ բան ունի, խորքային հիմնահարցեր ունի տալու։ Շատ հարցեր ունի տալու նաև ընդդիմությանը, որոնք պիտի իրենց ծրագրերը այնպես կազմեն, կարողանան ազգին այս վիճակից հանել։
«Բամբասանքների փոխարեն գործող իշխանությունը թող լուրջ ծրագրեր ներկայացնի, որ մենք հասկանանք»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, որ իրենց միջնորդության հիմքը ոչ թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն է, այլ դատավարական առաջընթացը։
«Վկաների բավականին մասը արդեն հարցաքննվել է, և եթե դատարանը սկզբում պարոն Ղուկասյանին կալանքի տակ էր պահում այն հիմնավորմամբ, թե պիտի հարցաքննվեն վկաներ, ապա նրանց որոշակի մասի հարցաքննությունն այդ մտավախությունը որոշակի մասով նվազեցնում է, հետևաբար նաև որոշակի առումով պետք է նվազեցվի խափանման միջոցը։ Սա է մեր միջնորդության հիմքում։
Դատարանի նախորդ որոշման տրամաբանությունը հետևյալն էր, քանի որ նոր ենք սկսում դատավարությունը, վկաները հարցաքննված չեն, կարող է ազդել վկաների վրա։ Լավ, մի պահ, ասացինք՝ ոչինչ, հիմա ասում ենք՝ նախորդ որոշումը հիմք ընդունելով՝ առնվազն 7 վկա հարցաքննվել է, ինչ-որ չափով փոխվել է չէ՞ իրավիճակը, ինչ-որ կար մարտին։
Եկեք արձագանքենք, և արձագանքն այն է լինելու, որ կալանքը փոխարինենք գոնե տնային կալանքով։ Հետո, երբ արդեն բոլոր վկաները կհարցաքննվեն, սա կլինի ռիսկի չեզոքացում, անձի նկատմամբ կարելի է խափանման միջոց առհասարակ չընտրել։
Մենք հիմա էդ ենք ասում, հարգելի դատարան, 7 վկան արդեն իսկ փոփոխություն է վիճակի, այդ իրավիճակին արձագանքեք, անձին կալանքից բաց թողեք, և եթե գտնում ենք, որ այն 8 կամ 9 վկան ռիսկային են, տնային կալանք կիրառեք, էլի ազատությունից զրկում է, հիմա ձեր համար ի՞նչ տարբերություն։
Եվ մենք հիմա էլ այն կարծիքին ենք, որ դատավարական առաջընթացին զուգահեռ նրա կալանքը գոնե պիտի փոխարինվի տնային կալանքով, բայց դատարանն այսօր այլ որոշում կայացրեց, որ բողոքարկման կամ չբողոքարկման հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք փաստաթղթին ծանոթանալուց հետո»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանն այս հարցի շուրջ իր մտահոգությունները շուտ է հայտնել, և նրան ազատազրկելը կապված է քաղաքական գործընթացների հետ։
Թեև, ըստ փաստաբանի, իրենք փորձում են գործը պահել բացառապես դատավարական դաշտում, որի շրջանակում էլ ներկայացնում են իրենց խնդրանքները, պահանջները։
Նա նշեց, որ իրենք համաձայն չեն դատարանի որոշման հետ։
Փաստաբանը նաև ասաց, որ այսօրվա հարցաքննված երկու վկաները գործի հետ ընդհանրապես առնչություն չունեն։
«Նրանցից մեկը հող է վաճառել գործարար Սևակ Գմոցյանին տարիներ առաջ՝ վեց տարի առաջ, ինքը դրանից բացի ուրիշ բան չգիտի, մյուս վկան էլ կադաստրի աշխատող է, որը նույնիսկ չգիտեր՝ ինչու են կասեցրել՝ կամ պետք է մերժեին, կամ կասեցնեին։
Իմ տպավորությունը հետևյալն է, որ ի սկզբանե ցանկություն է եղել այս գործով նյութ ապահովել, բայց նյութի մեջ ինչ կա, դա դատաքննության ընթացքում կերևա։
Երկրորդը՝ այս դատաքննությանը կոչված վկաների 50 տոկոսին, իմ կարծիքով, կարելի էր ընդհանրապես չհարցաքննել, սա էլ արհեստական ստեղծված վիճակ է, որ կարելի է կրկին ֆոն ապահովել, որ գործի քննության ծավալ կա»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































