Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը
Հաստատված տեղեկություններով՝ Ադրբեջանը օրերս ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Հովանու Մայր տաճարը։
Միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ նորմերը անվերապահ պաշտպանություն են սահմանում մշակութային եւ կրոնական կառույցների նկատմամբ՝ անկախ տարածքի պատկանելությունից եւ/կամ այդ տարածքը փաստացի տնօրինող պետության ներքին կարգավորումներից։ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի այս հերթական ակտը ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության եւ հիշողության դեմ, այլեւ ի ցույց է դնում միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքը։
Ցավով ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն հայ եւ ադրբեջանցի հասարակությունների խաղաղության ձգտմանն արձագանքում է ատելության ու անհանդուրժողականության հերթական դրսեւորմամբ՝ հիմնահատակ ավերելով Արցախի քրիտոնեական տաճարները եւ պղծելով տեղի բնիկ բնակչության սրբությունները։
Առավելեւս ամոթալի է այս թշնամական գործողություններին պաշտոնական Երեւանի կողմից պատշաճ գնահատականի բացակայությունը։
Վճռականորեն դատապարտելով իր տիրապետության տակ գտնվող քրիստոնեական ժառանգության դեմ Բաքվի ներկայիս իշխանության գործողությունները, կոչ ենք անում ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, մշակութային ժառանգության եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային եւ եվրոպական կառույցներին՝ պատշաճ գնահատական տալ այս գործողություններին եւ գործուն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից հայկական եւ քրիստոնեական ժառանգության դեմ հետագա ոտնձգություններըր կանխելու համար։
Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն


















































