«Դատավորին ի սկզբանե պարզ էր, մենք ներկայացնում ենք մեր հիմնավորումները։ Նախնական դատալսումների ժամանակ էլ ներկայացրել էինք, որ այս վարույթը իրավական հիմքեր չունի, և դատարանը որոշեց, որ այդ հարցերին կանդրադառնա այլ փուլերում։ Հիմա վերջին փուլում ենք, մեր դիրքորոշումն ենք վերահաստատում, որ չկա հանցագործություն, հանցագործության մասին հաղորդում»,- այսօր ՍԴ դատավորների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը կատակեց․ «Էս ընթացքում դարձավ իրավաբան»։ Մելիքյանն ասաց՝ ակնկալում է արդարացնող դատական ակտ։
Կարդացեք նաև
Ղազարյանն էլ շարունակեց՝ ասելով, որ այս ընթացքում իրավաբանորեն իրեն զինել է դատախազությունը․ «Երբ պատգամավորները խտրական վերաբերմունք են ցուցաբերել իմ նկատմամբ՝ ենթադրյալ հանցանք, ես դիմել եմ դատախազություն, որ քրեական վարույթ նախաձեռնեն, վարույթ չեն նախաձեռնել։ Բողոքարկել եմ դատարան։ Ես հիմա իրենց գրածը բերում եմ, դնում իրենց դատախազի դիմաց։ Ասում եմ՝ ձեր գլխավոր դատախազի տեղակալը իր վճռաբեկ բողոքն է բերել, թե ոնց քրեական գործ չպետք է հարուցեին։ Բա եթե դուք գիտեիք, որ նման դեպքերում քրեական գործ չի հարուցվում, իմ դեպքում ինչի՞ եք հարուցել, եթե հաղորդում չկա։ Դատարաններն ասում են՝ Էդգար Ղազարյանի կողմից ներկայացվել է հաղորդում, որի հիման վրա պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ, դուք այդ դեպքում չեք նախաձեռնել, բայց Սամվել Առաքելյանի մի հատ վերացական գրություն գլխավոր դատախազին դիտել եք հաղորդում ու վարույթ եք նախաձեռնել»։
Ղազարյանը չի հասկանում՝ ինչ տրամաբանությամբ էին նաև իր նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակում հեռախոսն առգրավել․ «Ենթադրենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ելույթ եմ ունեցել, 2025 թվականի փետրվարի 21-ին իմ հեռախոսը վերցնում եք, որ ի՞նչ անեք։ Ես հո Հովիկ Աղազարյանը չեմ, վերցնեք, տանեք, մեջի ինֆորմացիան նայեք, բաժանեք ՔՊ վարչության անդամներին… ակնհայտ է, որ սա գործի հետ կապ չունի, խնդիրներ են ուզում իմ համար ստեղծել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































