Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասերը վերադարձվել են համայնքին

Ապրիլ 23,2026 11:38 Share

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։

Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ.Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։

Բացի այդ, Վ.Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930