Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատիվ սգի իրավունք և լռեցված ցավ․ ICLaw-ն արցախցիների կրոնական իրավունքների հարցը ներկայացրել է ՄԱԿ

Ապրիլ 23,2026 15:58 Share

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին կոմունիկացիա է ներկայացրել՝ 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կրոնական իրավունքների և ազատության խիստ և շարունակական խախտումների մասին։

Հաղորդակցության մեջ տեղ են գտել 37 հաստատված դեպքեր, որոնց մեջ ներկայացված է, որ տեղահանված հայերը զրկված են իրենց հիմնական կրոնական արարողակարգերն իրականացնելու հնարավորությունից: Հայկական կրոնական և մշակութային ավանդույթների համաձայն՝ ընտանիքի անդամներն այցելում են իրենց հարազատների գերեզմաններին հուղարկավորությունից հետո 7-րդ և 40-րդ օրերին և տարին մեկ անգամ։ Էթնիկ զտումների և բռնի տեղահանման պատճառով հայերը զրկվել են կրոնական ծեսերը պահելու հնարավորությունից։ Հայերի գերեզմանների պղծումը, որը կարող է լինել ցանկացած պահի, կհանգեցնի նրան, որ ընտանիքները կզրկվեն իրենց հարազատների մահը արժանապատիվ սգալու և կարևոր կրոնական սովորույթները պահպանելու հնարավորությունից։

«Խոսքը միայն գերեզմանատուն կամ թաղման վայր այցելելու անհնարինության մասին չէ, այլ կրոնական պարտականությունների խաթարման շարունակական բնույթի։ Թաղման արարողությունների, արժանապատիվ արտաշիրիմումների և վերահուղարկավորության խոչընդոտումը կրոնի կամ համոզմունքի ազատության լուրջ խախտում է՝ խորը և երկարատև հոգեբանական հետևանքներով», -ասել է Սիրանուշ Սահակյանը։ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների համար հուղարկավորության ծեսերը և թաղման արարողությունները ոչ միայն մշակութային ավանդույթներ են, այլև հավատքի կարևոր մաս: Ծեսերի կատարման խոչընդոտումը խաթարում է ընտանիքների հոգևոր կյանքը և շարունակական  տառապանք պատճառում նրանց։

Հաղորդակցության մեջ փաստագրված խախտումները տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված լայնածավալ ռազմական հարձակումից հետո, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում մահերի և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120․000 էթնիկ հայերի բռնի տեղահանման: Այդ ժամանակվանից ի վեր տեղահանված ընտանիքները չեն կարողանում վերադառնալ, ապահովել մահացած հարազատների արժանապատիվ վերահուղարկավորումը։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտոն»-ը հաղորդակցության մեջ նաև ընդգծում է, որ տուժած ընտանիքները չունեն արդյունավետ ներքին իրավական պաշտպանության միջոցներ: Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների, շահավետ համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի գործունեության բացակայության պայմաններում միջազգային ընթացակարգերը մնում են իրավական պաշտպանության միակ հասանելի ուղին: Այս խնդիրները մարդասիրական հարցերով զբաղվող միջնորդների և միջպետական հաղորդակցության ուղիներով լուծելու նախորդ փորձերը նշանակալի արդյունքներ չեն տվել:

«Սա մարդկային արժանապատվության հարց է, – ասել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, -ոչինչ չպետք է խանգարի ընտանիքներին իրենց կրոնի  համաձայն արժանապատիվ հուղարկավորել, սգալ,  հարգանքի տուրք մատուցել իրենց սիրելիներին: Այս իրավունքները պետք է պաշտպանված լինեն»։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930