Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է «Միասնության թևերի» նախընտրական ծրագրի սեղմագիրը

Ապրիլ 27,2026 12:04 Share

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը։

Հիմնական կետերը. 

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է՝  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Կստեղծենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ։
  • Կապահովենք ներդրումներ հայրենական ռազմարդյունաբերության մեջ՝ զարգացնելու սեփական սպառազինության համակարգը։
  • Հայաստանը չի հրաժարվի իր միջազգային պարտավորություններից։ Կիրագործենք TRIPP-ը, կվերարժևորենք ԵԱՏՄ-ում անդամակցությունը, կխորացնենք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապը՝ Հայաստանի շահերին համապատասխան։
  • Բացարձակ առաջնահերթություն կլինի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային ատյաններում, այդ թվում՝ հատուցումներ արցախցիների իրավունքների խախտումների համար։ Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
  • Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը։
  • Առաջ կմղենք արցախցի մեր հայրենակիցների ապահով, արժանապատիվ և կամավոր վերադարձի հիմնարար իրավունքը միջազգային օրակարգում։

Մեր ձեռնարկած քայլերը երաշխավորելու են հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։ 

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  • Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։
  • Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։
  • Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։
  • Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։
  • Հայաստանը կդարձնենք արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն։
  • Կներդնենք նոր հարկային համակարգ․նախքան դրա գործարկումը կվերականգնենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։
  • Կվերացնենք շրջանառության հարկն ու ԱԱՀ-ն՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ:
  • Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։
  • Քաղաքացին կկարողանա գնել բիզնեսի բաժնետոմսեր՝ արժեթղթերի շուկան կլինի հասանելի բոլորին։
  • Կներդնենք թվային դրամ՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկություն և վերահսկելիություն։
  • Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։
  • Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։
  • Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։

 

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ԲԵՐԵԼՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

  • Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։
  • Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։
  • Կդադարեցնենք դպրոցների անհիմն օպտիմալացումը և դրա անվան տակ դպրոցների շենքերի փակումը, կավելացնենք մանկապարտեզների քանակը և կդարձնենք անվճար։
  • Կանցնենք պարտադիր 11-ամյա կրթության։ Լրացուցիչ մեկ տարի կնախատեսվի բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։
  • Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։
  • Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում։
  • Կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ տրամադրելով մինչև 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ հողամաս կամ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։
  • Խրախուսելու ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի։
  • Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը կլինի անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։
  • ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։
  • Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։
  • Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։
  • Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է՝ ԲԵՐԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Կստեղծենք սահմանադրական հանրապետություն՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։
  • Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։
  • Քվեաթերթիկում կվերականգնենք «բոլորին դեմ» ընտրության հնարավորությունը և կնվազեցնենք Ազգային ժողով կուսակցությունների անցողիկության շեմը՝ այդպես վերացնելով ընտրողների ձայների փոշիացման անարդար համակարգը։
  • Բացառելով քաղաքական ճնշումները՝ կապահովենք դատական իշխանության իրական անկախություն և իրավապահ մարմինների ծառայողների արժանապատիվ աշխատանքը։
  • Կավելացնենք դատավորների և աշխատակազմերի թվաքանակը՝ կրճատելով գործերի քննության ժամկետները մինչև 50%։
  • Կապահովենք անվճար ու հասանելի իրավաբանական օգնություն՝  ուժեղացնելով հանրային պաշտպանի ինստիտուտը։

«Միասնության թևեր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930