168.am. Օրերս հրապարակվել է ևս մեկ միջազգային զեկույց, որը հերթական անգամ քանդում է իշխանության կողմից տարիներ շարունակ քաղաքացիներին հրամցվող՝ ծաղկող ու բարգավաճող Հայաստանի մասին թեզը։ Ավելին, այս զեկույցը հետաքրքրական է նաև այն տեսանկյունից, որ, երբ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ պետական համակարգում «պարգևավճար» ձևակերպման անվան տակ արհեստականորեն բարձրացվել են նախարարների աշխատավարձերը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես արդարացում, բերում էր արդյունավետ աշխատանքի հանգամանքը։ Մինչդեռ իրականում հերթական անգամ փաստերով ապացուցվում է հակառակը։
Խոսքը Համաշխարհային բանկի «Համաշխարհային կառավարման ցուցանիշների» (Worldwide Governance Indicators-WGI) վերլուծության մասին է։ Թեև այս վերլուծությունը մեկ միասնական ինդեքս չի հաշվարկում, սակայն, վերլուծելով ավելի քան 30 աղբյուրներ, տալիս է պետական կառավարման տարբեր ուղղությունների վերաբերյալ համապարփակ պատկեր յուրաքանչյուր տարվա համար (վերջինը 2024 թվականի համար)՝ ոչ թե քարոզչական, այլ օբյեկտիվ։ Իշխանության կողմից տարիներ շարունակ կառուցված «առաջընթացի» նարատիվը փաստացի բախվում է թվերի անհերքելի իրականությանը։
Զեկույցը հստակ արտացոլում է, որ «հետհեղափոխական ձեռքբերումները» եղել են կարճատև էյֆորիայի արդյունք, ոչ թե համակարգային փոփոխությունների հետևանք։ 2018–2019թթ. գրանցված որոշակի դրական տեղաշարժերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլև հաջորդող տարիներին կարևոր նշանակություն ունեցող ուղղություններով փոխարինվել են նկատելի հետընթացով։
Առավել մտահոգիչ է «Քաղաքական կայունություն և բռնության բացակայություն» (Political Stability and Absence of Violence) ցուցանիշի պատկերը. եթե 2019-ին ցուցանիշը բավական բարձր էր, ապա 2024-ին կտրուկ անկում է գրանցվել։ Ընդ որում, 2024-ի արժեքից ավելի ցածր վերջին անգամ եղել է 2000 թվականին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ իշխող քաղաքական ուժի քարոզչական ողջ խոսույթը հիմնված է «նախկինների», «նախկինում գործող կարգերին վերադարձ չի լինելու» թեզի վրա, մինչդեռ իրենք, «նախկինների» համեմատ կառավարման արդյունավետության շատ ավելի ցածր մակարդակով, իրենց իսկ կառավարման մեթոդներով սահուն վերադառնում են այդ անցյալին։
«Կառավարության արդյունավետություն» (Government Effectiveness) ցուցանիշի դեպքում պատկերն ավելի խոսուն է. գործող իշխանության իշխանավարման տարիներին գրանցված ամենաբարձր արդյունքը (2018թ.) նախկին իշխանության տարիների արժեքներից գերազանցում է միայն 2008 թվականին, իսկ 2024-ի մակարդակից ավելի ցածր արդյունք նախորդ իշխանության ոչ մի տարում չի եղել։ Այլ կերպ ասած՝ ՔՊ-ական իշխանության տարիների լավագույն արդյունքը հազիվ է գերազանցում նախկին իշխանության ամենացածր ցուցանիշներից մեկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































