«Հայաստանի իրավիճակը բարդ է՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներով։ Մեր իրավիճակը փակուղի չէ, անելանելի չէ։ Փակուղին վատ որոշումների արդյունք է, ոչ թե ճակատագիր։ Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի զարգանալու բոլոր նախադրյալները։ Մեր խնդիրը փոքր լինելը չէ, սակավաթիվ բնակչություն ունենալը չէ, այլ կառավարման եւ կառավարության խնդիրն է։ Եթե մեր երկիրը ճիշտ կազմակերպվի եւ ունենա արդյունավետ պետական կառավարման համակարգ, ապա մեր տաղանդաշատ ժողովրդի հետ միասին, շատ կարճ ժամանակում կապահովենք ժողովրդի վերելքը»,- այսօր հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Թիմն այսօր ներկայացրեց ծրագրային դրույթները։ ԲՀԿ-ն, հիշեցնենք, ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ծրագրի հիմնական առաջարկները 10-ն են, սկզբունքային թեզերը վերաբերվում են երաշխավորված խաղաղությանը եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը։
«Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով է թիմը մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Նախընտրական ցուցակում 107 թեկնածու է, երեքը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Հայաստանի վերելքը, ըստ Արա Այվազյանի, հնարավոր է, բայց կա մի առանցքային գործոն՝ անվտանգությունը։ Առանց անվտանգության չի լինի ոչ զարգացում, ոչ տնտեսություն, ոչ ներդրումներ։ Արտաքին եւ անվտանգային քաղաքականությունն այն ողնաշարն է, որն ապահովում է մեր երկիր զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































