«Ապահովագրավճարի վերանայման սկզբունքը սա է։ Ամեն տարի առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա հաշվետվությունն ԱԺ-ում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրության վերաբերյալ եզրակացությունը։ Այս պահին մենք 2027-ի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք»,- հարցին՝ հնարավո՞ր է 2027-ին ապահովագրավճարները թանկանան, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողների փաստմանը՝ բժիշկները, բուժքույրերը դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից, նշում՝ կարծես «էժան աշխատուժ» լինեն՝ հատկապես առողջապահության ապահովագրության ներդրումից հետո և հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ այդպիսի խնդիրներ են առաջացել, մի՞թե հաշվարկներ չէին արվել, որ բժիշկները նման խնդրի առաջ չկանգնեին, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Երբ մեկնարկեց առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, պարզ էր, որ հունվարն ադապտացիոն առաջին շրջանն էր։ Որոշ առումով մենք ունեինք մատուցած ծառայությունների հաշվարկների ներկայացման բաց։ Բժիշկներ ունեինք, որ խորհրդատվություն էին իրականացրել, բայց մուտք չէին արել Արմեդ համակարգ։ Իսկ փոխհատուցումն իրականացվում է միայն Արմեդում լրացված ծառայության դիմաց։
Փետրվարին բացը լրացրինք, և նախորդիվ արված խորհրդատվությունները մուտքագրվեցին։ Մեր բուժաշխատողների աշխատանքի ծավալն ու փոխհատուցումը եկավ այն դաշտ, ինչ նախատեսում էինք։ Նախորդ ամիս ունեցել ենք ընդհանուր առմամբ աշխատավարձերի դրական դինամիկա բժիշկների և միջին բուժանձնակազմի համար։ Ես խոսում եմ միջին աշխատավարձերի դրական դինամիկայի մասին։ Ունենք տեղեր, որ բժիշկների աշխատավարձը եռապատկվել է։ Այսօր մեր բժշկական հաստատություններում դրական դինամիկան առկա է և շարունակական։ Կան որոշակի մասնագիտություններ, որտեղ արձանագրում են, որ զբաղվածության ու ծառայությունների ծավալի փաստական անկում կա։ Երբ անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձի, այլ իրականացված խորհրդատվության և դրա դիմաց փոխհատուցման, տեսնում ենք՝ ծավալի և զբաղվածության մեծ խզում կա։ Աշխատանքներ տանում ենք, բոլոր այս ուղղությունների մասով անհատական լուծումներ ունենալու ենք»։
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































