Նիկոլ Փաշինյանի օրոք տրված մաքսային արտոնությունների քանակն ու ծավալներն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ արտոնությունները տրվում էին սահմանափակ թվով ընկերությունների, եւ սա ընկալվում էր որպես բացառիկ լավություն գործարարին: Նիկոլի ժամանակ հարկային արտոնությունը դարձավ շարքային գործիք, ստանդարտ պետական օժանդակություն, որին դիմում են թե՛ փոքր, թե՛ խոշոր բիզնեսները: 2018 թվականի մայիսից մինչ օրս մաքսատուրքի գծով տարբեր արտոնություններ են ստացել 310-ից ավելի ընկերություններ, ընդհանուր առմամբ՝ 430-ից ավելի ներդրումային ծրագրերի շրջանակներում:
Դրանց թվում են «Աթենք» ՍՊԸ-ն, Արսենյանի «Ջերմուկ գրուպը», «Սպայկան», նույն «Արմենիա Վայնը», «Ալեքս տեքստիլը» եւ «Լեքս տոբակո քոմփանի»-ն, որոնք նույնպես Ալեքսանյանների ընտանիքին են պատկանում, «Բայազետ 1»-ը, հագուստ ու հագուստի հումք արտադրող «Էլինա-1» եւ «Տեքստիլ հոմ» ընկերությունները, «Երեւան ավտոբուսը»՝ Չինաստանից ներկրված 150 ավտոբուսների համար, «Արմփաուեր» ՓԲԸ-ն՝ ջերմաէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար, կոսմետիկ միջոցեր արտադրող «Նաիրիան» ՓԲԸ-ն: Կառավարությունը շարունակում է լայնորեն կիրառել անհասկանալի աջակցության պրակտիկան առանձին գործարարներին, ինչի՞ է սա բերում:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը պատասխանում է. «Ե՛վ սուբյեկտիվիզմի, ե՛ւ կոռուպցիոն ռիսկերի: Ամենակարեւորը՝ կառավարությունը պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերի, մասնագետների, փորձագետների ներգրավի, հիմնավորի, թե ինչու այս ընկերությունը եւ ոչ թե մյուսը, ինչու այս գործարքը եւ ոչ մեկ այլ գործարք, ինչ օգուտ կամ վնաս է դրանից ստանալու պետությունը եւ այլն: Բայց հիմա ոչ մի կոնկրետ չափորոշիչներ չկան, որոնցով իրենք առաջնորդվեն ու ասեն՝ սա հաշվի առնելով, սա եղավ: Այսինքն՝ հիմնավորումներ, փաստարկներ չկան, եւ մեզ հայտնի են բազմաթիվ նմանատիպ անհիմն որոշումներ՝ սկսած լվացքի մեքենայի, հեռուստացույցների արտադրությունից, ջայլամի ֆերմաներից եւ կոկորդիլոսների բուծարանով վերջացրած»:
Ի դեպ, նկատենք, որ մսամթերքի արտադրությունն ու ներմուծումը նիկոլական կառավարության տապալած ոլորտներից են: ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված, դեռ 2020 թվականից մսի, մասնավորապես՝ թռչնամսի ներմուծման մաքսատուրքերը Հայաստանում աստիճանաբար բարձրացվել են: Նպատակը տեղական արտադրողներին պաշտպանելն է, ներքին արտադրական աճը խթանելը: Բայց մսամթերքի արտադրությունն այս հարկային խստացման արդյունքում ամենեւին էլ չավելացավ: Հակառակը՝ նկատվեց երշիկեղենի արտադրության «գահավիժում»: 2025-ին այն նվազել էր 0.8%-ով (արտադրվել էր մոտ 15.6 հազար տոննա), 2026-ի հունվարին այն կրճատվել է գրեթե կիսով չափ (-44%): Սա խոսում է տեղական վերամշակողների լուրջ խնդիրների կամ հումքի թանկացման մասին։ Անասնագլխաքանակի 2025-ին արձանագրված նվազման միտումը շարունակվել է նաեւ 2026-ին, միսն ու մսամթերքը թանկացել են: Ըստ վիճկոմիտեի, եթե 2025-ին մսամթերքի գնաճը տատանվում էր 1-3%-ի սահմաններում, ապա այս տարեսկզբին այն հասավ 8.5%-ի։ Մի խոսքով, կառավարության գործելակերպը ոլորտում ո՛չ մսամթերքի տեղական արտադրողի վիճակը բարելավեց, ո՛չ էլ մսամթերք ներմուծողի:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































