ԱԺ նստաշրջանում քննարկվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու նախագիծը, որը միտված է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխությանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց․ «Այս պահի դրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու պայմաններում։ Մենք կանգ ենք առել հետեւյալ մոդելային լուծման վրա՝ զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո (որպես կանոն այն մեկ տարին է, բացառիկ դեպքերում՝ երկու տարին) անձը պիտի վճարի պետական տուրք 50 հազար դրամի չափով։ Այնուհետեւ անձի համար սահմանվում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան, որի ժամանակ անձին տրվում է 6 բալային միավոր, այսինքն՝ սահմանափակ բալային միավորներ են տրամադրվում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է։ Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ լավ է անցնում, ապա հաջորդ տարվա ընթացքում վերականգնում ենք 13 բալի հնարավորությունը։ Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա կրկին զրկվում է վարորդական իրավունքից, իսկ հետագա վերականգնում կարող է տեղի ունենալ տեսական եւ գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Հիմա մենք ոնց որ ասում ենք՝ դե լավ, խախտել, խախտել եք, եկեք նորից վարորդական վկայական ստացեք։ Այսինքն՝ այդ մարդիկ պոտենցիալ վտանգ են ներկայացնում հասարակության համար, մենք ինչո՞ւ ենք չարչարվում, որ իրենց հնարավորություն տանք, որ իրենք նորից վարորդական իրավունք ունենան։ Միաժամանակ բազմաթիվ մարդիկ, որոնք լավ վարել գիտեն, տեսական քննություն հանձնումը հանձնում են, դիմում են գործնական քննության, անհասկանալի պատճառով մարդկանց ասում են՝ դուք չեք կարող ստանալ վարորդական վկայական։ Այսինքն՝ պարկեշտ, օրինապաշտ մարդկանց մենք թույլ չենք տալիս, որ մեքենա վարի, իսկ մարդը, որ անդադար խախտումներ է արել, ասում ենք՝ կառավարությունով, խորհրդարանով ջանք ու եռանդ չենք խնայում, որ ձեզ նորից հնարավորություն տանք բոլորի համար վտանգ ստեղծեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մենք ոչ թե իրենց հնարավորություն ենք տալիս, այլ խորհրդարանն արդեն տվել է նման հնարավորություն անձանց՝ վերականգնելու իրենց վարորդական իրավունքը։ Այսօր կա հնարավորություն՝ վերականգնելու վարելու իրավունքը, պարզապես մոդելներն են տարբեր։ Մենք առաջարկում ենք հնարավորինս բալանսավորված լուծում»,- արձագանքեց Արփինե Սարգսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































