«Վերջին շրջանում մարդկանց մոտ այնպիսի տրամադրություններ են առաջացնում, մի մասը, իհարկե, նախընտրական նպատակ ունեն, որ իրականում հնարավոր են ավելի ցածր տոկոսադրույքներով սպառողական վարկեր տրամադրել։ Այսօր մեր բանկային համակարգն ի՞նչ ցուցանիշ ունի՝ արդյոք կեղեքո՞ւմ է մեր հանրությանը, թե՞ նորմալ ծառայություններ է մատուցում»,- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Մարտին Գալստյանն ասաց․ «Ես նայում եմ հարեւան Վրաստանում, նաեւ Ղազախստանում տոկոսներն ավելի բարձր են, Ռուսաստանի հետ նույնիսկ չեմ ուզում համեմատել, որովհետեւ այնտեղ ավելի բարձր է։ Մեզ մոտ ավելի բարձր չէ, քան այդ երկրներում»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ հարցրեց․ «Քարոզարշավի ժամանակ շատ քաղաքացիներ մոտենում եւ հետաքրքրվում էին՝ արդյոք վարկավորման տոկոսները նվազելու միտում ունե՞ն կամ մեր քաղաքացիները կարո՞ղ են հույս ունենալ, եւ ինչո՞վ են պայմանավորված այդքան բարձր տոկոսները»։
ԿԲ նախագահն ասաց, որ շատ այլ երկրներում վարկեր հնարավոր է վերցնել ավելի բարձր տոկոսներով։ «Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված տոկոսները, ես կարծում եմ, համահունչ են այն ռիսկի պրոֆիլին, որը երկիրն ունի։ Եվ, բնականաբար, տնտեսվարող սուբյեկտները եւ քաղաքացիներն իրենց պրոֆիլից ելնելով՝ ստանում են այն վարկային առաջարկները, որն իրենց տալիս են բանկերը կամ վարկային կազմակերպությունները։ Մենք ունենք փոքր եւ միջին ընկերություններ, որոնք հայկական դրամով վարկ են վերցնում 11 տոկոսով։ Արդյոք դա բա՞րձր է, ես կարծում եմ՝ բացարձակ բարձր չէ։ Բայց միեւնույն ժամանակ ունենք փոքր ու միջին ընկերություններ, որոնք չեն ունեցել կարգապահություն կամ չունեն այն ծրագրերը, որոնք հրապուրիչ են բանկի համար։ Եվ այդ տիպի ընկերությունները վարկ են ստանում 19 տոկոսով։ Այսինքն՝ շուկան բազմազան է, մրցակցություն կա։ Ինչ վերաբերում է ընդհանուր համաշխարհային տենդենցներին, ապա տոկոսադրույքներն աշխարհում աճում են»,- ասաց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանն ասաց՝ կապիտալի մեծ ներհոսք կա դեպի մեր երկիր․ «Հայաստանն իր տնտեսական գրավչությամբ այսօր գտնվում է շատ լավ դիրքում, եւ բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում իրականացնել Հայաստանում՝ թե պետական պարտատոմսերի շուկայում, թե մեծ պրոյեկտներում։ Եվ այդ փողի ներհոսքն է, որ երբ գալիս է Հայաստան, մենք տեսնում ենք արտարժույթի առաջարկի ավելի մեծ ծավալներ, քան այդ արտարժույթի նկատմամբ պահանջարկ, որի արդյունքում փոխարժեքը նվազում է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































