Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Դատարանը հրաժարվել է լրացուցիչ վճիռ կայացնել՝ «Տաշիր կապիտալ»-ն՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի գործով. միջնորդությունը մերժվել է

Մայիս 01,2026 13:17 Share

«Փաստինֆո». Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ ՓԲԸ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։ Հայցվոր կողմի դիտարկմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ: Վարչական դատարանը մերժել էր հայցը։

Հայցվոր կողմը, սակայն, միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով լրացուցիչ վճիռ կայացնել, քանի որ դատարանը վճռի պատճառաբանական մասում հստակ արձանագրել է, որ այդ չորս կետերի մասով ՀԾԿՀ-ն ոչ իրավաչափ է գործել, բայց վճռի եզրափակիչ մասում նման բան չկա, առանց դրան անդրադարձի նշվել է, թե հայցը ենթակա է մերժման։

Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը՝ նշելով, թե 17.11.2025 թվականի թիվ 377-Ա որոշման բովանդակությունից հետևում է, որ թեև ակտում առկա է խախտումների տարանջատում և դրանցից յուրաքանչյուրի համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին առանձին ձևակերպում, այդուհանդերձ այդ միջոցները չեն առաջացնում տարբեր կամ ինքնուրույն իրավական հետևանքներ, այլ ուղղված են նույն վերջնական արդյունքին։

«Այս պայմաններում վարչական ակտի առանձին կետերի մասով այն անվավեր ճանաչելը չի կարող հանգեցնել որևէ ինքնուրույն իրավական հետևանքի փոփոխության, քանի որ լիցենզիայի դադարեցման հիմքերը պահպանվում են մյուս՝ Դատարանի կողմից հաստատված իրավախախտումների հաշվին։ Սույն գործով Դատարանը հաստատված է համարել վարչական ակտի 4-րդ, 5-րդ կետերով և 6-րդ կետի 1-ին ենթակետով արձանագրված իրավախախտումները, որոնք ինքնուրույն բավարար հիմք են հանդիսանում կիրառված պատասխանատվության միջոցը իրավաչափ գնահատելու համար։ Հետևաբար, նույնիսկ այն պայմաններում, երբ վարչական ակտի որոշ կետերով արձանագրված խախտումները չեն ապացուցվել, դա չի կարող հանգեցնել ակտի մասնակի անվավերության»,- նշել է դատավորը՝ արձանագրելով, որ սույն գործով բացակայում են լրացուցիչ վճիռ կայացնելու հիմքերը, քանի որ Հայցվորի պահանջը Դատարանի կողմից արդեն իսկ լուծվել է՝ ամբողջությամբ մերժվելով, և որևէ չլուծված պահանջ առկա չէ։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031