«Կյանքում ամեն ինչ սիրով եմ անում: Չեմ հաշվել, թե քանի աշխատանք եմ նկարել: ՄԵծ շարք ունեմ Հայաստանին նվիրված: Եթե մաքսային, բյուրոկրատական քաշքշուկներ չլինեն, դրանք կբերեմ եւ կցուցադրեմ Հայաստանում»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյանի թոռը։
Մայիսի սկզբին նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ցվետի» խմբի հոբելյանական մեծ համերգը։ Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի լեգենդար «Բիթլոմանիա» եւ «Մազեր» մյուզիքլները, ինչպես նաեւ ըստ Վիլյամ Սարոյանի բեմադրված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Հայաստանի նկարիչների միությունում էլ կբացվի Նամինի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
«ԿԳՄՍ նախարարությունը հրավիրել է իմ թատրոնը Հայաստան՝ քանի ներկայացում ցուցադրելու համար: Վերջին անգամ իմ թատրոնը 10 տարի առաջ է եղել, բավականին բան է փոխվել, սերունդներ են փոխվել… Մայիսի 3-ին կներկայացնենք «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը, սակայն այն չի բեմադրվել Սարոյանի միայն մեկ գործի հիման վրա, այլ ստեղծվել է սարոյանական մի շարք ստեղծագործությունների հիման վրա, դա իմ ռեժիսորական մոտեցումն է: Ես ժամանակին ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, դիպլոմայինս Սարոյանի թեմայով է եղել՝ վերնագիրն էր «Վիլյամ Սարոյանի փիլիսոփայությունը»: Այդ թեման միշտ հոգեհարազատ է եղել ինձ համար: Այժմ այդ ներկայացման մեջ Ջոնիին մարմնավորել է իմ 9-ամյա որդին: Դա մեզ համար շատ կարեւոր ներկայացում է, բոլոր ռուս դերասանները խոսում եւ երգում են հայերեն, այդ առումով մենք միակն ենք Մոսկվայում: Այնպես որ հետաքրքիր էր այդ ներկայացումը ցուցադրել Հայաստանում»,-ասաց Ստաս Նամինը:
Դիտարկմանը, որ Վիլյամ Սարոյանը մեծություն է, գուցե նրա գործերը հեշտ չէ բեմադրել, Ստաս Նամինն այսպես արձագանքեց. «Ինձ այդքան էլ չեն հուզում մեծությունները, որովհետեւ կարելի է փչացնել ամեն բան, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ է ստացվել վերջնարդյունքում: Մենք մեր այդ ներկայացումն ամեն տարի ապրիլի 24-ին խաղում ենք Մոսկվայում, եւ այն դիտելու են գալիս են մարդիկ, ում համար կարեւոր է Հայոց ցեղասպանության թեման: Ներկայացման մեջ այդ թեման կա, չնայած Սարոյանի մոտ չկա կոնկրետ նշված: Կարծում եմ Սարոյանը հրաշալի գիտեր թեման, սակայն քաղաքական նկատառումներից ելնելով՝ չի շեշտադրել: Սա ներկայացում է մահվան եւ կյանքի, ինչպես նաեւ սիրո մասին»,-հավելեց ռեժիսորը:
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ նաեւ «Մազեր» մյուզիքին, որը խաղացել են ամերիկացի դերասանների հետ, այդ ներկայացումով շրջել աշխարհի տարբեր քաղաքներում՝ ներառյալ Լոս Անջելեսն ու Նյու Յորքը. «Մեր այս ներկայացում համարվում է աշխարհի 5 լավագույն ներկայացումներից մեկը: «Մազեր» մյուզիքլը երկլեզու է, խաղում ենք անգլերեն եւ ռուսերեն»:
Ինչ վերաբերվում է «Բիթլոմանիա» մյուզիքլին, Նամինը նշեց, որ այնտեղ Beatles-ի 25 երգերն են. «Ինձ համար Beatles-ը բնության բացառիկ երեւույթ է: Ես ստեղծել եմ մի ներկայացում, որտեղ դերասանները հրաշալի երգում են Beatles-ի երգերը: Բացի դրանից նաեւ նախատեսված է «Ցվետի» խմբի հոբելյանական համերգը»: Ի դեպ, «Ցվետի» խումբը վերջին անգամ Հայաստանում եղել է 80-ականներին: Այս ընթացքում բոլորը եղել են այստեղ, բացի «Ցվետիից»: Երեւի ինչ-որ մեկին հետաքրքիր կլինի: Ընդհանրապես շատ տարօրինակ ձեւով է կառուցված աշխարհը, մարդկանց ճաշակները փոխվել են, իմ ընկալմամբ, ընկել են, դրա համար ով սիրում է Beatles, նրա համար «Ցվետի» խմբի համերգը հետաքրքիր կլինի»:
Տեսանյութն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Սպուտնիկ Արմենիայի


















































