Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Ոչ մի խաղաղություն էլ չկա․ Ալիևների ընտանիքը՝ դուստրն ու հարսը, սկսել են պետական մակարդակով առաջ տանել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը». քաղաքագետ

Մայիս 01,2026 20:00 Share

Իլհամ Ալիևի դուստրն ու հարսը մասնակցել են «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսին, որի ժամանակ մեկ անգամ ևս ի ցույց են դրել տարածքային նկրտումները Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրն ու հարսը մասնակցել են «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել «Իռևան» վերնագրով գրքի շնորհանդեսը։ Ցուցահանդեսում Հայաստանի պատմական տարածքների նկարներն էին՝ յուղանկարներ, գրաֆիկական նկարներ, որոնք ներկայացվում էին որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս փաստը, ասաց․ «Պիտի հասկանանք, որ ոչ մի խաղաղություն էլ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, չկա ստորագրված փաստաթուղթ։ Այն, ինչ ստորագրվել է՝ իբրև նախաստորագրվել անվան տակ, կեղծիք է, մանիպուլյացիա է․ դիվանագիտության և միջազգային հարաբերություններում նմանօրինակ ֆիկցիաներ բացարձակապես չկան։ Այդ խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի հնարածն է։

Իսկ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով առաջ տանել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, ըստ որի՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է։

Եթե Ալիևների ընտանիքի անդամները մասնակցում են ինչ-որ միջոցառման, դա արդեն ցույց է տալիս տվյալ միջոցառման կարևորությունն ու պետական մակարդակով հովանավորությունը։ Իսկ վերջին միջոցառումը ձեր մատնանշած ցուցահանդեսն է, որի բացմանը մասնակցում էին Ադրբեջանի բռնապետի դուստր Լեյլան և հարսը՝ Ալյոնան։

Ադրբեջանական լրատվամիջոցները շատ ակտիվ այն լուսաբանեցին՝ հատուկ շեշտադրելով, որ Ալիևների ընտանիքը շատ մեծ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող բոլոր ծրագրերին։

Լուսանկարներից երևում է, որ նոր գրքի շնորհանդես է տեղի ունեցել «Իռևան» անվան տակ, որտեղ ադրբեջանցիները, առիթից օգտվելով, որ Հայաստանի գիտական ոլորտը իշխանությունների ակտիվ մասնակցությամբ գրեթե չի պատասխանում այն կեղծիքներին, զրպարտություններին, մանիպուլյացիաներին, որոնցով հիմա զբաղված է ադրբեջանական այսպես ասած պատմագրությունը, ավելի են լկտիացել։

Կարող եմ նշել, որ վերջին 2-3 տարիների ընթացքում մի քանի տասնյակ գրքեր են հրապարակվել, այդ թվում նաև ակադեմիական մակարդակով՝ Հայաստանի տարածքներին վերաբերող, որոնք ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Ըստ Գագիկ Համբարյանի՝ միջոցառման ընթացքում հնչած ելույթներում հատուկ շեշտում էին, որ «Արևմտյան Ադրբեջանը» պիտի բնակեցնել ադրբեջանցիներով։

«Ադրբեջանն այդ ծրագրից չի հրաժարվել, եթե մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, եթե մենք զբաղված ենք այդ կեղծիքները մարսելով, խոսքս գոյություն չունեցող խաղաղության մասին է, դա մեր խնդիրն է»։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը հիմա չի կրակում սահմանին, քանի որ նրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Ադրբեջանը ընտրարշավում Նիկոլ Փաշինյանի PR-ն ապահովելու համար նույնիսկ մի քանի գերիների ազատ արձակի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031