Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թ առաջին եռամսյակում ՀՀ-ում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ նախագահի տեղակալ

Մայիս 05,2026 15:42 Share

ՀՀ ԿԲ խորհուրդը մայիսի 5-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%։ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը (լուսանկարում) ասուլիսում ներկայացրեց, որ 2026 թ. առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մարտին կազմելով 4.5%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:

2026 թվականի առաջին եռամսյակում՝ աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների ու դրանց տատանողականության զգալի աճի պայմաններում, համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերն էականորեն ավելացել են։ Առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական աճը որոշակիորեն արագացել է, այդուհանդերձ, սպառողական պահանջարկի թուլացումը շարունակվում է։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի, հետևաբար նաեւ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում պահպանման ռիսկերն ավելացել են՝ պայմանավորված մաքսատուրքերի հավաքագրման հնարավորությունների որոշակի սահմանափակմամբ, ինչպես նաեւ պաշտպանությանն ուղղվող ծախսերի հնարավոր աճի անհրաժեշտությամբ: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը դարձել են ավելի առարկայական: Մասնավորապես, եվրոգոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների եւ էներգակիրների գների ու դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակել է թուլանալ: Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցիչները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։

Միաժամանակ, Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում՝ սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաներում գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, մյուս կողմից՝ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ առանձին դեպքերում դրանց բարձրացման հավանականությունը:

ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ 2026 թ առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն: Վերջինիս մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունն ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս առարկայական են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկերը։ Հատկանշական է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը որոշակի թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ:

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն միջնաժամկետ հորիզոնում կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%: Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

Լրագրողի հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ նման անորոշության պայմաններում՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի հետ կապված իրադարձություններով, տոկոսադրույքի անփոփոխ թողնելը տնտեսության ավելի շատ դրական ազդակ է համարվում, Հովհաննես Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Մենք երկու խումբ սցենարներն էլ մատնանշել ենք, բնականաբար տարվա ընթացքում կստանանք լրացուցիչ տեղեկատվություն հասկանալու համար, թե որ ուղղությամբ ենք ավելի շատ շեղվում, ու եթե մեր նախորդ հաղորդագրության հետ համեմատենք, իսկ դա անմիջապես Իրանի պատերազմի սկզբից հետո էր, այնտեղ մենք մի քանի առումներով կարող էինք վատատես լինել, օրինակ, ռիսկի հավելավճարի որ տարածաշրջանում խնդիրները կարող են բերել նրան, որ կապիտալը տարածաշրջանից, այդ թվում՝ Հայաստանից դուրս գա: Իսկ այս պահին նման դիտարկում չունենք, եւ այդ մասով մեղմացրել ենք մեր խոսքը: Հարկաբյուջետային (որ մեզ մոտ արտաքինից կախված չէր), ֆիսկալ թվերի ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր է՝ դեֆիցիտը ավելի մեծ չլինի, ու տարբեր տեսակի անորոշությունները սոցիալական ու ապահովագրության ծախսերի հետ կապված՝ մեզ ավելի կառավարելի են թվում: Միեւնույն ժամանակ,մեզ չի թվում Հորմուզի նեղուցի էներգակիրների գների հետ կապվածհանգուցալուծումը արագ կլինի»:

Մանրամասները տեսանյութում

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031