Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հույս ունի, որ հունիսի 7-ին Հայաստանում իշխանափոխություն կլինի։
«Իշխանափոխությունը պետք է Հայաստանի անվտանգության և ազգի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Գյումրիում գտնվող Մուրադ Փափազյանը։
Անդրադառնալով Մակրոնի այն հայտարարությանը, թե ութ տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, Փափազյանն այսպես արձագանքեց. «Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իսկապես Հայաստանի բարեկամն է: Նա շարունակեց այն, ինչ իր նախորդները սկսել էին, ինքն ավելի ակտիվացրեց Ֆրանսիա-ՀՀ հարաբերությունները։ Ով էլ լիներ ռեժիմն ու ով էլ լիներ վարչապետը, նույնը կլիներ, որովհետև նախագահ Մակրոնն իսկապես շատ մեծ կարևորություն է տալիս Հայաստանին, որովհետև Ֆրանսիայում հայկական սփյուռքը տասնյակ տարիներ աշխատել է այդ ուղղությամբ ու ՀՀ-Ֆրանսիայի միջև կապը ստեղծել»։
Իսկ ինչու Ֆրանսիան չկանգնեց արցախցիների իրավունքների կողքին հարցին, Փափազյանը պատասխանեց. «Ֆրանսիան ինչքան կարողացավ զորավիգ կանգնեց, երբ որ այդ էթնիկ զտումը տեղի ունեցավ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ մենք կպաշտպանենք արցախցիների վերադարձի իրավունքը: Սա վերջացած հարց չէ, միջազգային ատյաններում այս հարցը կդնենք, որ հարգվի այդ իրավունքը»։
Կարդացեք նաև
Հարցին՝ իսկ ինչ է հնարավոր այդ առումով, երբ Նիկոլ Փաշինյանն է հարցը փակել, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Փափազյանը պատասխանեց. «Գիտենք՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է, հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանին է պատկանում: Մենք այդ թեզի դեմ ենք պայքարում, այնքան պայքարեցինք, որ արգելվեց իմ մուտքը Հայաստան»։
Ի դեպ, Մուրադ Փափազյանն ասաց, որ բողոքարկել է Փաշինյանի որոշումը իր մուտքի արգելքի վերաբերյալ դատարանում, ու 18 ամսվա պայքարից հետո դատարանը բեկանել է վարչապետի որոշումը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































