Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի լավագույն շահին հղում անելով՝ հրապարակելով երեխաների առողջական վիճակի տվյալներ և ցուցմունքների ինտիմ մանրամասներ՝  պաշտոնական հաղորդագրությունները հակասում են այդ սկզբունքին 

Մայիս 06,2026 14:17 Share

Հայտարարություն Արարատի մարզում սեռական բռնության դեպքի վերաբերյալ

Արարատի մարզում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեպքը և դրա շուրջ պետական մարմինների գործողությունները (անգործությունը) ցույց են տալիս խորքային խնդիրներ, որոնք արդեն դուրս են առանձին դեպքի շրջանակից և վկայում են համակարգային ձախողման մասին։

Պաշտոնական հաղորդագրությունները, ձևականորեն հղում անելով երեխաների լավագույն շահին, իրականում հակասում են այդ սկզբունքին՝ բացահայտելով երեխաների առողջական վիճակի տվյալներ և հրապարակելով ցուցմունքների ինտիմ ու անհարկի մանրամասներ։

Քննչական կոմիտե նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության մեջ «մտավոր խնդիրների» և «հակասական ցուցմունքների» շեշտադրումը ոչ միայն խնդրահարույց է, այլ նաև վերարտադրում է վտանգավոր և խտրական կարծրատիպ, թե մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցուցմունքները պակաս արժանահավատ են։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, ունենալով ակնհայտ պաշտպանվողական բնույթ, միաժամանակ հրապարակում է զգայուն տվյալներ՝ կոպտորեն հակասելով «լավագույն շահի» սկզբունքին և վտանգելով տուժողների իրավունքներն ու հանրային ընկալումները նրանց նկատմամբ։

Հարկ ենք համարում շեշտել, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ունեն հավասար իրավունքներ արդար դատաքննության և բռնությունից պաշտպանված լինելու համար՝ ինչպես ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում, և նրանց ցուցմունքները պետք է գնահատվեն մասնագիտական, հաշմանդամության և տրավմայի առումով զգայուն մեթոդներով։ Ցանկացած մոտեցում, որը նրանց խոսքը արժեզրկում է «մտավոր խնդիրների» կամ «հակասականության» հիմքով, ոչ միայն անընդունելի է, այլև կարող է դիտվել որպես խտրական վերաբերմունք և միջազգային պարտավորությունների խախտում։

Մինչ օրս անհասկանալի է, թե ինչու են ենթադրյալ բռնարարներն ազատության մեջ և ինչ քայլեր են ձեռնարկվել երեխաների ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, ինչը վկայում է պաշտպանության, կանխարգելման և իրավական մեխանիզմներում ու գործընթացներում լուրջ բացթողումների մասին։

Այս դեպքը չի կարող դիտարկվել որպես առանձին միջադեպ։ Այն ուղիղ արտացոլում է այն համակարգային ձախողումները, որոնք արդեն արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որով հաստատվել է, որ Հայաստանը չի ապահովել հաշմանդամություն ունեցող անչափահասի արդյունավետ պաշտպանությունը սեռական բռնությունից, չի ստեղծել կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման գործուն մեխանիզմներ, խախտել է զոհի գաղտնիությունն ու արժանապատվությունը և չի ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության հասանելիություն։

Մենք կոչ ենք անում՝

ապահովել անկախ, արդյունավետ և զգայուն քննություն, որը կհամապատասխանի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին և միջազգային չափանիշներին,

անհապաղ ձեռնարկել իրական և տեսանելի միջոցներ՝ երեխաների և նրանց ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար,

ապահովել, որ քննության բոլոր փուլերում կիրառվեն մասնագիտացված, երեխայակենտրոն և հաշմանդամության առումով զգայուն մեթոդներ,

բացառել հաշմանդամության հիմքով ցանկացած ուղղակի կամ անուղղակի խտրական մոտեցում, ներառյալ ցուցմունքների արժեզրկումը,

դադարեցնել երեխաների վերաբերյալ զգայուն և նույնականացնող տվյալների հրապարակումը,

վերանայել պետական մարմինների հաղորդակցությունը՝ ապահովելով, որ այն լիովին համապատասխանի երեխաների լավագույն շահի, արժանապատվության և գաղտնիության պաշտպանության պահանջներին։

Շնորհակալություն բոլոր այն անձանց, որոնք բարձրաձայնեցին այս դեպքը, հատկապես մանկավարժական անձնակազմին՝ զգոնության, պատասխանատվության և երեխաների պաշտպանության հարցում սկզբունքայնության համար։

Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն պետական բոլոր մարմիններին, տուժողների ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ապահովման համար։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031