Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հաղորդում ներկայացրել Միքայել Սրբազանի դեմ․ քրգործը հարուցվել է գոյություն չունեցող գրության հիման վրա

Մայիս 06,2026 18:01 Share

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց կարճել քրեական գործը, քանի որ քրեական վարույթը նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա։

 

Այս դեպքում, ըստ փաստաբանի, պիտի դադարեցվի քրեական հետապնդումը, քանի որ սույն քրեական վարույթը ոչ իրավաչափ է։

«Առաջին ատյանի դատարանում ինձ համար ամեն ինչ ձևական է, դե ոչինչ, որ օրենքը սահմանել է այս կարգը, էս ձևով․․․ Խախտումները հատիկ-հատիկ ցույց եմ տալիս, և փորձում ենք հասկանալ, երբ որ օրենսդիրը վարույթի առաջին պահը մանրակրկիտ ձևով կարգավորել է, այդ խախտումները նորմա՞լ են, որ կատարվում են, էլ ինչի՞ համար են սահմանել»,-հարցրեց Երեմ Սարգսյանը։

Նա ընթերցեց օրենքի տվյալ դրույթն ու ասաց՝ փորձենք հասկանալ վարույթն իրականացնելու պահին կարո՞ղ է հանդիսանալ հանցանքի մասին պատշաճ հաղորդում։ Նա ասաց՝ վարույթն իրականացնելու համար հիմք հանդիսացել է քրեական ոստիկանության աշխատակից, կապիտան Մարգարյանի հաղորդումը։

«Ոստիկանության աշխատակից Մարգարյանն իրավասու չի եղել հանցանքի մասին հաղորդում ներկայացել, նա չի հանդիսանում հաղորդման համար պատշաճ սուբյեկտ, ըստ օրենսդրության՝ այն կարող է ներկայացնել միայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը իր միջնորդությամբ սա արդեն պնդել է։

 

Նա նշեց, որ այս կապակցությամբ դատարանն իր դատավճռում նշել է, որ հանցանքի մասին հաղորդման հիմք հանդիսացել է քննչական կոմիտեի ներկայացրել է ՆԳՆ վարչության պետ Վարդանյանի գրությունը։

 

Սակայն, Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ քրեական գործի նյութերում առկա չէ վարչության պետ Վարդանյանի որևէ գրություն։ Այսինքն` ստացվում է, որ քրեական վարույթ են նախաձեռնել չեղած գրության հիման վրա։

«Վարույթ նախաձեռնող քննիչը ո՞նց է դա հիմք ընդունել, նա պետք է ասեր, սա պատշաճ հաղորդում չէ, հետ եմ տալիս»,-ասաց պաշտպանը։

Նա նաև ասաց, որ ով ինչ ուզում՝ անում է․ հաղորդում ներկայացրած անձը հանդես է գալիս որպես պետական մարմնի պաշտոնատար անձ, մինչդեռ քննիչը նրան դիտարկում է որպես օրենքն իրականացնող անձ։

«Ֆիզիկական անձի մասին չէ խոսքը, խոսում ենք պետական մարմնի, պաշտոնատար անձի մասին»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նա նաև ասաց․ « Պատկերացրեք օպերատիվ աշխատակիցը ինչ-որ մեկին գաղտնալսել է ու ասում է՝ գիտեք ինչ կա, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում եմ լսել, բայց առանց դատարանի որոշման։ Հիմա մինչև ինքը իր լիազորությունները չբացահայտի, թե կոնկրետ որ գործունեության արդյունքում էս տվյալը ստացավ, ոչ մեկը չի կարող դրա օրինականությունը գնահատել՝ ո՛չ դատարանը, ո՛չ քննիչը, որտեղի՞ց ստացար էդ տեղեկությունը՝ կարող է ապօրինի գործունեություն է, կարող է օրինական է»։

Քննիչը նաև նշել է, որ կապիտան Մարգարյանի հաղորդմանը կից նյութեր կան, սակայն, փաստաբանական կողմի պնդմամբ՝ իրականում հաղորդմանը կից նյութեր չկան։

«Անհայտ մնաց, թե որտեղից քննիչը պարզեց, որ այդ նյութերը հաղորդմանը կից են ներկայացվել», -ասաց փաստաբանը։

Նա ասաց՝ մնում է պարզել, թե ինչու հենց այդ տեղեկատվությունը ստացած մարմինը՝ դատախազության հանրային կապերի բաժինը, համապատասխան հաղորդում չի ներկայացրել, քննիչին, այլ իր փոխարեն ուղարկել է ոստիկանությունը։

Ըստ փաստաբանի, դատախազությունը ստացված տեղեկատվությունը կարող է ստուգման ուղարկել ոստիկանություն, եթե օրենքով չնախատեսված, չբացահայտված աղբյուրից է տեղեկատվությունը, մինչդեռ այս տեղեկատվության աղբյուրը հայտնի է, բացահայտված է , դատախազության հանրային կապերի բաժնի պետն է։

Հանրային կապերի բաժնի պետի գրությունն ու լազերային սկավառակը դիտարկել է որպես անհայտ աղբյուրից կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկատվության, կամ չնախատեսված աղբյուրից տեղեկատվություն, ուղարկել է ոստիկանություն, ասել է՝ «մի հատ դու էլ նայիր էս տեսանյութը»։ Փաստաբանի, հենց ստուգման ուղարկելու փաստն անօրինականություն է, որովհետև տվյալ դեպքում չունի լիազորություն դա ստուգելու։

Հետևաբար, ըստ Երեմ Սարգսյանի, կապիտան Մարգարյանը կեղծ տվյալ է նշել, որ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունները իրականացնելիս է փաստական տվյալներ ստացել, բայց իրականում ստացել է դատախազությունից, որը գրված է հենց զեկուցագրում։

«Հիմա սա կեղծիք է, թե կեղծիք չէ»,-հարցրեց փաստաբանը։

Նա նաև հարցրեց, թե ոստիկանին ինչո՞ւ մեջտեղ գցեցին։

Երեմ Սարգսյանը կրկնեց, որ ոչ իրավաչափ է քրեական վարույթը, հետևաբար և պետք է իրականացվի արդարացում Միքայել Սրբազանի նկատմամբ։

Դատախազը իր հերթին նշեց, որ իր բերած փաստարկները եղել են շատ պարզ, հասկանալի, ընկալելի։ Ըստ նրա, իրենց փաստարկները օդից չեն ծնվել։

Նա ասաց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետ Ա․ Վարդանյանը կից գրությամբ հաղորդումը ու մյուս նյութերը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական վարչություն։ Նա վստահեցրեց, որ դատավարական ոչ մի խախտման հետ գործ չունեն։

Ըստ դատախազի, եթե փաստաբանական կողմի տրամաբանությամբ շարժվենք, ապա բացառապես միայն ոստիկանության պետը պիտի հաղորդումներ ներկայացնի, աշխատակիցները չպիտի իրավունք ունենան ներկայացնելու։ Դատախազները նշեցին, որ հաղորդումը ներկայացվել է իրավաչափ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը Ա․ Վարդանյանի գրության հետ կապված՝ նորից պնդեց, որ այն նյութերում առկա չէ, հակադարձեց, որ այն չէր կարող մնալ քարտուղարությունում, ինչպես ասում են դատախազները։ Ըստ նրա, քարտուղարությունում փաստաթղթերը ինչպես գալիս են, այնպես էլ պիտի փոխանցվեն վարչության պետին։

«Վերջին քննիչը ստացե՞լ է այդ գրությունը»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև ձեռք բերված ապացույցների անթույլատրելիությանը, ասաց, որ Շիրակի թեմի ու Միքայել Սրբազանի կեցավայրի խուզարկության ժամանակ սահմանված կարգերը չեն պահվել, փաստաբանին չեն թույլատրել մասնակցել, կատարվել է առանց ընթերակայի, բացի այդ՝ չկա տեսաձայնագրություն։ Իսկ եթե չկա տեսաձայնագրություն, որը օրենքի պահանջ է տնային խուզարկության դեպքում, ապա, փաստաբանի պնդմամբ՝ ինչ ուզում ես դիր խուզարկության մեջ, ուզում ես երկնքից աստղեր իջեցրու, դա ողջամիտ կասկածներ է առաջացնում։

Նման կասկածները Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի մոտ չեն փարատվել, օրինակ՝ ողջամիտ կասկածներ կան, որ հայտնաբերված համակարգիչը փոփոխված է, համապատասխանեցրել են իրենց ապացույցներին։

Իսկ հայկական իրականության մեջ, ըստ փաստաբանի, սովորաբար պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք հոդվածներով գրեթե քրեական վարույթներ չեն նախաձեռնվում։

Նիստը ստիպված եղան ընդհատել՝ աշխատանքային օրվա ավարտի հետ կապված։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին, ժամը 14․30 րոպեին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031