«Առավոտը» դեռեւս 2 տարի առաջ անդրադարձել է աշխարհի հայության մտավոր, տեխնոլոգիական, առեւտրային ու մշակութային ներուժը համախմբող «Թվային Ջուղա» համահայկական ցանցին՝ Digital Julfa Network-ին: Ստարտափերի զարգացմամբ զբաղվող Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր, Orion Score ստարտափի համահիմնադիր Էմմա Առաքելյանը, որն աշխատել է շուրջ 50 երկրում, իր գործընկերների հետ է նախաձեռնել «Թվային Ջուղա» համահայկական ցանցը։ Նա նշել էր, որ նպատակն այն է, որպեսզի Արմենիա ասելիս մարդիկ հասկանան որակ, նորարարություն, եւ այդ ամենը կապվի ոչ միայն անհատների հետ, այլեւ որպես ազգ վերականգնենք մեր ազդեցությունն ու առաջնորդությունն աշխարհով մեկ:
Եվ ահա, այժմ Digital Julfa Network-ը ներկայացնում է «Թվային Ջուղա Վենետիկ 2026» եզակի ծրագիրը: Հունիսի 21-22-ին աշխարհի ամենախորհրդանշական հայկական վայրերից մեկում՝ Սուրբ Ղազար կղզում կկայանա մի բացառիկ միջոցառում: Digital Julfa Network-ի կողմից կազմակերպվող այս երկօրյա փակ հանդիպումը Վենետիկում կհամախմբի հայ գործարար առաջնորդների, ընտանեկան գրասենյակների, գիտնականների և մշակութային տեսլական ունեցող գործիչների ընտրյալ շրջանակ: Հավաքի գագաթնակետը կլինի պատմական Սուրբ Ղազար կղզին՝ հայկական մտավոր և մշակութային ազդեցության դարավոր կենտրոնը:
2025 թվականին Երևանում եւ Դուբայում տեղի ունեցած մեկնարկից հետո, «Թվային Ջուղան» այս տարի առաջ է շարժվում հավակնոտ առաքելությամբ՝ Նոր Ջուղայի՝ աշխարհի ամենավաղ եւ կատարելագործված առեւտրային ցանցերից մեկի ժառանգությունը վերածել վստահության վրա հիմնված համաշխարհային տնտեսական համագործակցության ժամանակակից մոդելի:
Միջոցառման ծրագիրը կմեկնարկի Վենետիկի հայկական ժառանգությանն ուղղված հատուկ տուրերով, որոնք կբացահայտեն հայ վաճառականների, մտածողների և հաստատությունների անջնջելի հետքը քաղաքի պատմության մեջ: Այնուհետև գործընթացը կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի, որտեղ պատմությունը ոչ թե պարզապես կվերհիշվի, այլ կծառայի որպես գործող ռազմավարություն:
Տեղեկացանք, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Մխիթարյան միաբանության անդամ Հայր Համազասպը եւ Digital Julfa-ի հիմնադիր գործընկեր, «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը: Նրանք կներկայացնեն համաշխարհային առեւտրային համակարգերի վերակառուցման տեսլականը՝ հիմնված վստահության, հեռանկարային մտածողության և միջսահմանային համագործակցության վրա: Ծրագիրը կվարեն և որպես հանդիսավար հանդես կգան արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավառա Նավասարդյանը եւ Էմմա Առաքելյանը:
«Այսօրվա արագընթաց նորարարությունների դարաշրջանում հայկական մտածողությունն ու կարողությունները բացառիկ հնարավորություն ունեն կրկին դառնալու համաշխարհային քաղաքակրթության առաջընթացի շարժիչ ուժը: «Թվային Ջուղան» կոչված է ակտիվացնելու հենց այդ վստահության վրա հիմնված համաշխարհային ցանցը, որն աջակցում է «Հարստության ստեղծում և շահերի պաշտպանություն» (Building Wealth and Advocacy) առաքելությանը՝ միավորելով ընտանեկան գրասենյակներն ու բիզնեսները ռազմավարական գործընկերության և ընդհանուր արժեքների շուրջ»,- համոզված է Էմմա Առաքելյանը:
Ծրագիրը կհյուրընկալի այնպիսի հեղինակավոր բանախոսների, ինչպիսիք են դոկտոր Ռաքելե Զանոնեն, Սուրեն Իսրայելյանը և դոկտոր Աննա Վարդանյանը: Նրանք կանդրադառնան դարեր և ոլորտներ կամրջող թեմաներին՝ հայ վաճառականների նյութական և մշակութային ժառանգությունից մինչև ընտանեկան ձեռնարկությունների ռազմավարական դերը ժամանակակից համաշխարհային շուկաներում:
Կենտրոնական պանելային քննարկումը՝ «Պատմությունը ոչ թե լոկ ժառանգություն է, այլ ռազմավարություն» խորագրով, կհյուրընկալի բիզնես ոլորտի առաջատար դեմքերի՝ իրավաբանական ընկերության գործընկեր, Մ&Ա (միաձուլումներ և կլանումներ) և մասնավոր կապիտալի փորձագետ ու հեղինակ Ռոյ Առաքելյանին, և ժնևաբնակ գործարար, ներդրող ու բարերար Վահե Գաբրաշին: Նրանք կներկայացնեն ժամանակակից բիզնես հայացք այն մասին, թե ինչպես հայկական առևտրային ժառանգությունը կարող է ուղղորդել այսօրվա գլոբալ ռազմավարությունն ու որոշումների կայացումը:
Հավաքի շրջանակներում տեղի կունենա նաեւ Ռուդիկ Պետրոսյանի ցուցահանդեսը եւ կոմպոզիտոր ու կատարող, «Jazzical Komitas» երկու ալբոմների հեղինակ Ջոել Ա. Մարտինի համերգը: Հատուկ մշակված նեթվորքինգի ձևաչափը հնարավորություն կտա հաստատել բարձր վստահության վրա հիմնված հարաբերություններ տարբեր սերունդների և ոլորտների ներկայացուցիչների միջև: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Շերիմանյանների (Scheriman) գերդաստանի տեւական ժառանգությանը նվիրված քննարկումը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչպես են հայկական առևտրային ավանդույթները շարունակում ազդել ժամանակակից բիզնես առաջնորդության վրա: «Թվային Ջուղա Վենետիկ 2026»-ը նախագծված է որպես հրավերներով գործող հարթակ: Այստեղ առաջնահերթությունը տրվում է խորքային բովանդակությանը, ոչ թե մասշտաբին, երկարատև հարաբերություններին, ոչ թե պարզ գործարքներին և հեռահար համագործակցությանը, ոչ թե կարճաժամկետ տեսանելիությանը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարում՝ Էմմա Առաքելյանը
«Առավոտ» օրաթերթ
06.05.2026


















































