Խնդիրներով զբաղվում ենք, բայց այս պահին, այս մասով հրապարակային մանրամասներ չեմ կարող ներկայացնել․ խորհրդարանում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին հարցին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էր մեջբերել Բաքվում գերեւարված Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Իշխանյանի՝ ՀՀ ՄԻՊ-ին ուղղված նամակից։ Նույն խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ Ռուբեն Վարդանյանի նամակից մեջբերեց։ Թե Ռուբեն Վարդանյանը, թե Դավիթ Իշխանյանն ակնկալում են ՀՀ ՄԻՊ-ի միջամտությունը՝ դատավճիռները ստանալու եւ իրենց ընտանիքներին տրամադրելու հարցում։
Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվում էին՝ ի՞նչ միջոցներով եւ ինչպե՞ս է ՀՀ ՄԻՊ-ը պատրաստվում կազմակերպել աշխատանքը Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, պատրաստվո՞ւմ են արդյոք գերեւարվածների հարազատների համար այց կազմակերպել Բաքու՝ տեսակցելու գերեւարվածներին։ Կամ ինքը՝ ՀՀ ՄԻՊ-ը պատրաստվո՞ւմ է այցելել Բաքու եւ տեսակցել գերեւարված անձանց։
Անահիտ Մանասյանն ասաց՝ այդ մարդկանց ազատությունից զրկման առաջին փուլից է հրապարակային դիրքորոշում հայտնել, որ այս բոլոր գործընթացները չեն կարող համապատասխանել մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներին։
Կարդացեք նաև
«Ընտանիքների այցը այլ ձեւաչափով եւ այլ մարմինների քննարկման առարկա պետք է դառնա»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Իր հնարավոր այցի մասով էլ ասաց՝ իրավական եւ մարդասիրական հարց չէ, ավելի լայն ձեւաչափով պետք է քննարկել․ «Ի՞նչ եք ուզում, ես գնամ այնտեղ ի՞նչ պատկեր տեսնեմ»։
Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ քննարկումների հիմնական նպատակը մեկը պետք է լինի՝ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն։ Հավելեց՝ նաեւ վերջին մեկ ամսվա ընթացքում նաեւ շատ հարցեր են առաջանում, այդ թվում նաեւ վճիռների չտրամադրման հետ կապված։ Բայց դրանց մասին հրապարակային չի խոսի՝ մի վնասիր սկզբունքից ելնելով․ «Մի շարք հարցերով, այդ թվում նաեւ դատավճիռների ստացման, վաղուց ենք զբաղվում։ Չկա մի միջազգային հարթակ, որտեղ այս հարցն իմ կողմից ներկայացված չլինի»։
Լիլիթ Գալստյանը ընդվզեց՝ խոսքից այն կողմ արդյունք չունենք, որեւէ միջազգային մեխանիզմ Բաքվում չի աշխատում՝ ինչպե՞ս եւ ի՞նչ մեխանիզմներ եք օգտագործելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































