ՀՀ ԱԺ ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Արամ Մանուկյանը, ներկայացնելով իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, նշեց, որ խոսելու է շատ կոնկրետ։
«Ծրագրի բոլոր մասերը, առանց բացառության, գիտական վերլուծության արդյունք են։ Մասնավորապես երեքը, որոնց հիմա ծանոթացնելու եմ ձեզ, երկար տարիների գիտական ուսումնասիրության, փորձագետների եզրակացության արդյունքում կազմված ծրագրեր են։ Ես մեր նախընտրական ծրագիրը չեմ էլ անվանում նախընտրական ծրագիր։ Այս ծրագիրը կարող է դառնալ Հայաստանի զարգացման ծրագիր ցանկացած իշխանության համար։ Այս ծրագրերը Հայաստանի համար դառնալու են ուսումնասիրված, հաշվարկված, պրագմատիկ քաղաքական ծրագրեր։ Եվ, իհարկե, այն ավելի լավ կարող է իրականացնել այն քաղաքական ուժը, որը տերն է սրա, որը կազմել է սա, որի մեջ հոգի է դրված, որի մեջ փորձ է դրված»,- ասաց Արամ Մանուկյանը և ներկայացրեց երեք բնագավառներ։
«Էներգետիկ համակարգ, որը Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Էներգետիկ համակարգի համար են ամբողջ աշխարհում ընթացող պատերազմները։ Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը էներգետիկ ռեսուրսների կոնֆլիկտ է։ Եվ մեր խնդիրը առաջիկայում լինելու է հնարավորինս անկախացնել Հայաստանի էներգետիկ համակարգը և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը լինի կառավարելի։ Այսինքն՝ ունենանք այնպիսի կայաններ, որոնք մշտական էներգիա են տալիս, որոնք կառավարելի են համակարգերի հետ։ Որքան ուժեղ է երկիրը իր էներգետիկ համակարգով, ինքը այնքան ինքնիշխան է, անկախ է։
Ջրային ռեսուրսների կառավարման համակարգ, որին շատերը կարևորություն չեն տալիս։ Մեր ջրային կոնցեպտը հետևյալն է՝ պահել Հայաստանում Հայաստանի օդից, երկնքից, ընդերքից եկող ջրերի հնարավորինս մեծ քանակը։ Մենք այսօր իրապես ունենք այդ ջրային շրջապտույտի 31-32 %-ը։ Մնացածը գետերով, այլ ճանապարհներով գնում է Թուրքիա, Ադրբեջան, այլ երկրներ։
Կարդացեք նաև
Առաջիկայում լինելու են ջրային պատերազմներ, և այդ պատերազմներում ուժեղ են լինելու այն երկրները, որոնք կարող են իրենց ջրային ռեսուրսները օգտագործել հնարավորինս շատ, հետո միայն բաց թողնել որքան հնարավոր է։
Արփա-Սևան ջրատար թունելը հիմա չի աշխատում։ Դա պետք է բացվի՝ թանկ ծրագիր չի։ Սևանի ջրամակարդակը մի քիչ բարձրանում է, բարձրացած ջրամակարդակը Սևանի կասկադով ավելացնում է էներգետիկ համակարգը։ Կառուցվում է մի մեծ հիդրոջրավազան, որն էլ սկսում է ջրային և էներգետիկ համակարգը կարգավորել, լուծում է բազմաթիվ այլ խնդիրներ, ընդհուպ՝ գյուղատնտեսական ու ռազմավարական։ Հայկական ջուրը մնում է Հայաստանում և ծառայում է Հայաստանին։
Դպրոցական, գյուղական դպրոցական համակարգ, որի մեջ խորացել եմ, և ինձ ամենահարազատ և ամենացավալի համակարգն է։ Սա գյուղերի ոչնչացման համակարգ է, որ այս իշխանությունը այսօր տանում է։ Մենք տրագեդիայի մեջ ենք։ Հայաստանում կատարվում է հայաթափման, սահմանների թուլացման, գյուղական սահմանների թուլացման ողբերգական գործընթաց, որն սկսվել է համայնքների խոշորացումից։ Համայնքների խոշորացման արդյունքում համայնքները կորցրեցին իրենց ինքնությունը, կորցրեցին պետության հետ կապը, գյուղապետարանները ոչնչացան, և գյուղերն սկսեցին դատարկվել։ Դրա հաջորդ քայլը. հասան նրան, որ հիմա դպրոցներն են փակում։ Հիմա փակվում է 230 դպրոց։ Մեծամասնությունը սահմանամերձ են։ 55 սահմանամերձ գյուղի դպրոց է փակվում, 100 դպրոց՝ լեռնային գյուղում է, 41 դպրոց՝ բարձրլեռնային գյուղերում է՝ 2000 մետրից բարձր։ 2001 մետրից բարձր ոչ մի ավտոբուս ձմեռը չի աշխատելու, և ոչ մի երեխա չի գնալու այլ տեղ։ Ամբողջ Ամասիայի շրջանում կա 26 գյուղ։ Մինչև օգոստոսի 1-ը մնալու է 4 դպրոց։ Չորս դպրոց սպասարկելու է սահմանամերձ, բարձր լեռնային 26 գյուղի։
Մեր ծրագիրը հետևյալն է։ Հոլանդիան ունի բնակեցված հազար կղզի, մի այդքան էլ՝ Շվեդիան, Նորվեգիան, Ավստրալիան և այլն։ Կան 10, 20, 30 ընտանիքով կղզիներ։ Այդ երեխաներին չեն բերում, միացնում մեծ դպրոցի։ Կոնցեպտը հետևյալն է՝ ոչ թե աշակերտն է գնում դպրոց, այլ ուսուցիչն է գալիս աշակերտի մոտ։ Պետությունը մի քիչ փող է ավելացնում՝ ուսուցչին ուղարկում է աշակերտի մոտ։ Ինչպե՞ս։ Հեռահար ուսուցումով։ Եվ երեխաները մնում են գյուղում, որպեսզի գոնե 50-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցները չփակվեն, որովհետև դրանք սահմանամեծ գյուղեր են և սահմանամերձ պոստեր։
Այս սկզբունքը մենք իրականացնելու ենք, խոստանում եմ։ Մենք չենք թողնի, որ այս ազգակործան իշխանությունը ոչնչացնի հայկական գյուղերը, հայկական սահմանամերձ գյուղերը»,- ասաց Արամ Մանուկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































