Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա է իրական վտանգ, որ սահմանափակումների ենթարկված անձինք կտեղափոխվեն խաղային ոլորտի չլիցենզավորված կամ արտերկրի հարթակներ՝ պետական վերահսկողությունից դուրս. հայտարարություն

Մայիս 08,2026 13:03 Share

Խաղային ոլորտում նախատեսվող նոր փոփոխությունների նախագծի վերաբերյալ

«Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (NAGO), կարևորելով խաղային ոլորտի պատասխանատու կարգավորումը, խաղամոլության դեմ պայքարը և քաղաքացիների սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունը, ցանկանում է իր դիրքորոշումը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

Մենք հասկանում և կիսում ենք այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնվում են խաղամոլության սոցիալական հետևանքների, քաղաքացիների ֆինանսական խնդիրների և պետական աջակցության միջոցների հնարավոր ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ։ Միաժամանակ, համոզված ենք, որ ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի իրատեսական գնահատականների, տեխնիկական իրագործելիության և հավասարակշռված քաղաքականության վրա, որպեսզի կանխվեն նոր և ավելի վտանգավոր ռիսկերը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներդնել հինգ տարի ժամկետով ինքնասահմանափակման անհետկանչելի մեխանիզմ, ինչպես նաև սահմանափակել որոշ սոցիալական խմբերի հասանելիությունը խաղային ծառայություններին։ Սակայն ներկայումս դեռևս ներդրված չէ այն միասնական համակարգը, որը հնարավորություն կտա արդյունավետ կերպով սահմանափակել անձի հասանելիությունը բոլոր լիցենզավորված հարթակներին միաժամանակ։ Բացի այդ, առկա է իրական վտանգ, որ սահմանափակումների ենթարկված անձինք պարզապես կտեղափոխվեն չլիցենզավորված կամ արտասահմանյան հարթակներ, որոնք գտնվում են պետական վերահսկողությունից դուրս:

Վերջին տարվա ընթացքում խիստ սահմանափակումների և հարկային բեռի ավելացման հետևանքով սև շուկան արդեն իսկ կրկնապատկվել է՝ 10 տոկոսից դառնալով 20 տոկոս, իսկ նման մեծածավալ անձանց լիցենզավորված հարթակներից արգելափակելը կարող է այս ցուցանիշը հասցնել 50 տոկոսի: Սահմանափակումների խստացման հետևանքով սև շուկայի աճ գրանցվել է այնպիսի զարգացած երկրներում, ինչպես Գերմանիան, Չեխիան, Շվեդիան և այլն:

Մենք մտահոգված ենք նաև այն հանգամանքով, որ նախագծում սահմանված թիրախային խմբերի ընտրության հիմքերը հանրային և մասնագիտական մակարդակներում բավարար չափով ներկայացված չեն։ Անհասկանալի է, թե ինչ վիճակագրական կամ վերլուծական տվյալների հիման վրա են ընտրվել, օրինակ, հիփոթեքային ծրագրերից օգտվող քաղաքացիները կամ եկամուտների որոշակի կառուցվածք ունեցող անձինք, կամ թոշակառուները:

Տպավորություն է ստեղծվում, որ նախագծով նպատակ է դրվել առավելագույն քանակի քաղաքացիների արգելափակել լիցենզավորված հարթակներից՝ նպաստելով նրանց հոսքին սև շուկա և հանցավոր գործունեության աճին, այդ թվում «փողոցային» խաղադրույքների կամ այլ անձանց հաշիվներով կանխիկ գումարով խաղադրույքների տարածմանը:

Բացի այդ, հարկ է տարբերակել սոցիալական աջակցությունը և եկամտային հարկի վերադարձի ծրագրերը, քանի որ դրանք ծառայում են տարբեր նպատակների։ Եթե սոցիալական աջակցությունը ուղղված է կենսական կարիքների ապահովմանը, ապա եկամտային հարկի վերադարձի ծրագրի նպատակը նաև տնտեսության և շինարարության խթանումն է։

Միաժամանակ, նախագծում կիրառվող հայտարարագրված եկամտի չափանիշը կարող է ստեղծել անհավասար և ոչ արդյունավետ սահմանափակումներ։ Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք փաստացի ունեն եկամուտ և ֆինանսական միջոցներ, սակայն չունեն հայտարարագրման պարտավորություն։ Այդ դեպքում նրանք կարող են զրկվել լիցենզավորված հարթակներից օգտվելու հնարավորությունից՝ ուղղորդվելով դեպի չլիցենզավորված շուկա։ Արդյունքում սահմանափակումները կարող են տարածվել ոչ միայն սոցիալապես խոցելի խմբերի, այլ նաև միջին և բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա, մինչդեռ նախագծի նպատակների և կիրառվող մեխանիզմների միջև հստակ կապ չի ներկայացվում։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ հանրային դաշտում շրջանառվող որոշ հայտարարություններին։ Երբ ԱԺ ամբիոնից հայտարարվում է, թե Հայաստանի քաղաքացիները «պարտվել են» 7.4 տրիլիոն դրամ (մոտ 20 միլիարդ դոլար), ձևակերպումը մոլորեցնող է, քանի որ խոսքը ոչ թե պարտված գումարի, այլ կատարված խաղադրույքների ընդհանուր ծավալի մասին է։ Օրենքի պահանջով այդ գումարի առնվազն 90 %-ը համագումարով վերադարձվում է խաղացողներին շահումների տեսքով։

Ողջ աշխարհում խաղադրույքների շրջանառությունը չի դիտարկվում որպես խաղացողների իրական կորուստների ցուցիչ, քանի որ խաղադրույքների զգալի մասը վերադարձվում է շահումների տեսքով։ Հայաստանում այդ ցուցանիշը փաստացի կազմում է ավելի քան 95 %, և այս տվյալները ստուգելի և ապացուցելի են։ Նույնիսկ ԱԺ նիստին նախորդած հանձնաժողովի քննարկումների ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչների կողմից հստակ նշվել է, որ մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է մոտ 150 միլիարդ դրամ, և ոչ մի դեպքում՝ 7 տրիլիոն դրամ։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ ոլորտի վերաբերյալ չափազանցված կամ մանիպուլյատիվ գնահատականներից, հատկապես թեման քաղաքական շահարկումների դաշտ տեղափոխելուց, քանի որ նման մոտեցումները չեն նպաստում մասնագիտական և հավասարակշռված քննարկմանը։

Հատկանշական է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն խորհրդարանական քննարկումների ընթացքում ևս անդրադարձել է սև շուկայի աճի ռիսկերին՝ ընդգծելով, որ չափազանց կոշտ սահմանափակումները կարող են հանգեցնել ինչպես հարկային կորուստների, այնպես էլ խաղացողների պաշտպանության մեխանիզմների թուլացման։

Մենք վերահաստատում ենք, որ ոլորտի կարգավորումը պետք է իրականացվի փուլային, տեխնիկապես ապահովված և հավասարակշռված մոտեցմամբ՝ ներառելով՝

  • չլիցենզավորված հարթակների դեմ արդյունավետ պայքար,
  • խաղացողների պաշտպանության իրական մեխանիզմներ,
  • պատասխանատու խաղի մշակույթի զարգացում,
  • տվյալահեն քաղաքական որոշումներ,
  • և պետական ու մասնավոր հատվածների համագործակցություն։

Մենք կոչ ենք անում երկրորդ ընթերցումից առաջ կազմակերպել լայն մասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով պետական մարմիններին, մասնագիտական կազմակերպություններին, ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին և քաղաքացիական հասարակությանը։ Ասոցիացիան մինչ առաջին ընթերցում ևս առաջարկել էր քննարկում կազմակերպել այս հարցով, բայց առաջարկը մնաց անպատասխան:

Համոզված ենք, որ միայն հավասարակշռված և գործնական լուծումների միջոցով հնարավոր կլինի պաշտպանել քաղաքացիներին՝ միաժամանակ կանխելով սև շուկայի ընդլայնումը և վերահսկողության կորուստը։

«Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (NAGO)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031