«Միասնության թեւեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Տավուշի մարզից։
Կուսակցության անդամ Դավիթ Անանյանը մայիսի 8-ին Տավուշի մարզում բնակչության հետ հանդիպումներից հետո «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց. «Գնալու ենք գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, ամենակարեւորը ժողովրդի հետ զրուցելն է, ժողովրդի հարցերը լսելը։ Եվ այդ հարցերի ու մտահոգությունների հետ մեկտեղ պետք է եզրերը գտնենք, թե որն էր միասնություն ձեռք բերելու ամենակարեւոր հանգրվանը։ Սա է, որ պետք էլ անենք։ Եվ պետք էլ խնդրենք, որ հունիսի 7-ին մեր ժողովուրդը ակտիվ մասնակցի ընտրություններին։ Որքան մասնակցությունը բարձր լինի, այնքան ժողովրդավարական արդյունքներ կարելի է գրանցել։ Իսկ ժողովրդավարական արդյունքները շատ պարտադիր եւ կարեւոր են մեր այսօրվա պատմական ժամանակահատվածում, որովհետեւ սա կարող է լինել կամ վերջակետ, կամ սկզբնակետ։ Նայած, թե ժողովուրդն ինչպիսի տրամադրություն կունենա»։
Դավիթ Անանյանի խոսքով՝ միասնություն ձեռք բերելու բանաձեւը մտքերը, գաղափարներն ու ցանկությունները մեկտեղելն էլ։ «Վտանգները, որոնք կախված են մեր երկրի գլխին, այդ վտանգների առկայությունը գիտակցելն է կարեւորը։ Այդ համընդհանուր գիտակցության մեկտեղման շրջանակներում հնարավոր է ձեռք բերել միասնություն։ Մեկ միտք, մեկ ուղղություն, մեկ կամք, մեկ գաղափար, մեկ արժեք. այս ամենը միասնության հանգրվաններն են»,- ասաց Անանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































