«Ավելացնելու բան չունեմ»,-հարցին՝ հա՞շտ եք, որ այլևս Մայիսի 9-ը Եռատոն չէ, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ Հաղթանակի տոնը հիշատակի օր է, երբ մենք հիշում ենք մեր պապերի սխրանքը․ «Բոլորով միշտ տուրք ենք տալիս այդ սխրանքին Մայիսի 9-ին»։
Հարցին՝ վերջին սրացումների ֆոնին հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ նկատո՞ւմ եք, ԱԳ փոխնախարարը պատասխանեց․ «Հայ-ռուսական հարաբերություններն ունեն երկար պատմություն։ Ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ, հարցեր կան, որոնք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Չէի անվանի դա ճգնաժամ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան նման զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել բոլոր այդ հարցերը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն օրերս կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Գուրգեն Արսենյանին տեղեկացվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վերջերս ԵՄ-ի կողմից հովանավորվող միջոցառումների ժամանակ Հայաստանում հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին՝ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։ «Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է դրանից և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագիծը պատշաճ կերպով բացասական գնահատական չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին անհամատեղելի։
Լրագրողները Մնացական Սաֆարյանին խնդրեցին մեկնաբանել, նա պատասխանեց․ «Դեսպանը կանչվել է, փոխանցվել է հայտագիր, եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Բովանդակությունը կախպված էր այստեղ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի հետ»։ Հստակեցմանը՝ գագաթաժողովի հե՞տ էր կապված, թե Ուկրաինայի նախագահի հայտարարությունների, ԱԳ փոխնախարարը պատասխանեց․ «Եթե կարիք լինի, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցենք։ Այս պահի դրությամբ չեմ ուզում մեկնաբանել»։
ԱԳ նախարարի տեղակալը վստահեցրեց՝ «այս պահի դրությամբ նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»։
Ուղիղ միացում Հաղթանակի զբոսայգուց՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































