Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բիենալեի մասնակից երկրների տաղավարների համադրողներ, ճանաչված արվեստագետներ։
«The Studio» խորագրով արվեստագիտական նախագծի համադրողներն են Թոնի Շաֆրազին և Թինա Շաքարյանը, արվեստագետը՝ Զադիկ Զադիկյանը։
Կարդացեք նաև
Տաղավարի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը և տաղավարի գլխավոր համադրող Թոնի Շաֆրազին։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է Հայաստանի շարունակական մասնակցությունը Վենետիկի բիենալեին և շեշտել, որ այն նպատակ ունի ներկայացնելու ժամանակակից արվեստում Հայաստանի ներուժը՝ ընդգծելով հայկական մշակույթը եվրոպական մշակույթի մաս կազմելու և եվրոպական արվեստագիտական ավանդույթներին հետևելու հանգամանքը։ Նա շնորհակալություն է հայտնել Զադիկ Զադիկյանին և Թոնի Շաֆրազիին կատարված աշխատանքի, իսկ հովանավորներին և հատկապես Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսությանը՝ աջակցության համար։
Տաղավարի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել է համադրող Թոնի Շավրազին: Արվեստագետն անդրադարձել է հայկական արվեստագիտական համայնքի կրթությանը և հայկական մշակույթին։
Հայաստանի տաղավարի համադրող Թոնի Շաֆրազիի մտահղացմամբ՝ Հայաստանի տաղավարը կառուցված է արվեստանոցի սկզբունքով, որը ոչ միայն աշխատանքային սենյակ է, այլև գործարան և լաբորատորիա՝ անընդհատ արտադրության և վերափոխման վայր: Ներկայացված են Զադիկ Զադիկյանի գիպսե ձուլվածքները, որոնք տարրական և հիմնարար, մինիմալ և մաքսիմալ են․ յուրաքանչյուր հիմնական առարկա միաժամանակ «միակն է և փոխկապակցված»:
Արվեստանոցում ողջ ցուցադրության ընթացքում ստեղծվելու են տարբեր ձևերի անսպասելի միաձուլումներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր։
Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը վարել է ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, Հայաստանի տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյանը։
Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է 99 տաղավար. ներկայացվել են երկրների, ինչպես նաև անհատ արվեստագետների և կազմակերպությունների տաղավարները։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության նոր հնարավորություններ։
ԿԳՄՍՆ



















































