Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա զուգարանում Ձեզ զխկելով սպանում էին»․ Փաշինյանի նյարդային պատասխանը՝ քաղաքացուն

Մայիս 12,2026 16:02 Share

«Եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զխկելով սպանում էին»,- քաղաքացիներից մեկին այսպես նյարդային արձագանքեց Շենգավիթում այսօր առավոտվանից քարոզարշավ անող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քաղաքացի Ավագ Գրիգորյանն ասաց, որ անհանգստանում է Հայաստանի համար, քանի որ նա հանձնել է Արցախը և 5000 զոհված տղաների առաջին պատասխանատուն է։

Ավագ Գրիգորյանը շարունակեց․ «Երբ 2018-ին Ձեզ ձերբակալում էին, ձեռքս էլ կոտրած Ձեզ շատ մոտ կանգնած էի, գալիս էի, քանի որ հավատում էի Ձեզ ու Ձեր ուժին։ Այդ պահին զգում էի, որ պետք է իշխանությունը հեռանա։ Հիմա նույն բանը Ձեզ եմ ասում, քանի որ Հայաստանի համար եմ անհանգստանում։ Դուք հանձել եք Արցախը, գիտեմ՝ շատերին հաճելի չի լինի, որ ասում եմ, բայց Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատվությունն ունեք»։

Այս արտահայտությունը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին և նա սկսեց Գրիգորյանի վրա գոռալով խոսել․ «Էդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ է, հա՞, զոհերի թիվը, մի հատ էլ 5000 եք դարձնում։ Եվ այն, որ դուք եկել եք ու վարչապետի դիմաց դա ասում եք՝ դա նշանակում է, որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն։ Որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում Ձեզ զխկելով սպանում էին։

Քաղաքացին կասկածի տակ դնելով Փաշինյանի խոսքերը անկախության եւ ժողովրդավարության մասին՝ հարցրեց․ «Բայց ունե՞նք, պարոն Փաշինյան»։ Նա ասաց, որ հարցեր ունի Արցախի կորստի և զոհերի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Փաշինյանը կրկնեց, թե «ղարաբաղյան շարժումը թակարդ էր»։ Իսկ Ավագ Գրիգորյանը նրան հիշեցրեց Ստեփանակերտի 44-օրյա պատերազմից առաջ իր ասած խոսքերը և 2021 թվականի նախընտրական խոստումը՝ Լեռնային Ղարաբաղը ապաօկուպացնելու մասին։

«Գիտե՞ք, թե ինչու ասացի, որ Արցախը՝ Հայաստան է և վերջ։ Ապա էդ շարժումը ինչի՞ համար էր։ Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել։ Նրանք եղել են քոչարյանասերժական կլանի պատանդը։ Նրանք Ղարաբաղն օգտագործել են որպես պատրվակ՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու համար։ Ղարաբաղցիները հիմա կապրեն, և նրանք կապրեն Հայաստանում, որտեղ կունենան տուն, խաղաղություն, աշխատանք և սոցիալական ապահովություն։ Մենք ի սկզբանե ենք կորցրել Ղարաբաղը, մենք արդեն կորցնում էինք Հայաստանը, և երբ ես դա հասկացա, իմ խնդիրն էր պահել Հայաստանը և զարգացնել այն որպես պետություն։ Այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում վայելում է այնպիսի հեղինակություն, որը երբեք չի ունեցել իր պատմության մեջ», – վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031