«Ամեն մարդ իր հզորությունները, իր ամեն ինչն իմանալով՝ նման մանր բաների մեջ չի մտնում։ Եղբայր ջան, կա օրենք, կա կարգ։ Հարց չկա, բոլորն էլ պատասխան են տալու․ հունիսի 7-ից հետո կտան, հիմա կտան․․․ էդ որ սաղ․․․ մարդիկ պիվայի փող և սիգարետի փող էին պարտք, այսօր միլիարդներով, տներով, հինգ հատ ավտոներով, կանանցով, դաչաներով․․․ պատասխան են տալու, չէ՞, ժողովուրդ ջան»,- Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատասխանեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ապարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ծառուկյանի փեսայի առանձնատունն արդեն ժողովրդինն է»։ Ավելի ուշ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան նկատմամբ ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել։
Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ իր նկատմամբ էլ է ապօրինի հարստացման վերաբերյալ գործ հարուցվել, բայց ինքը «կոմունիստների ժամանակվանից աշխատել է»․ «1989 թվականին օրը մեկ միլիոն աշխատել եմ, թղթերն էլ կա, ֆակտուրան էլ կա, բանվորություն եմ արել, ցեխ եմ արել, կոշիկի գործ եմ բացել»։
Հարցին՝ Կարապետ Գուլոյանի տան նկատմամբ սեփականության իրավունքը ինչպե՞ս գրանցվեց, ապօրինի՞ էր, Գագիկ Ծառուկյանը հորդորեց մանրամասները փաստաբանների հետ ճշտել․ «Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են։ Էլի եմ ասում՝ իմ մեծությունից ես չեմ իջնում, մի բան էլ ասում եմ՝ օրենքի առաջ բոլոր քաղաքացիները պետք է պատասխան տան»։
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի՝ 2025 թվականից դեռ դատախազությունը դիմել էր իր որդուն, Բելառուսից պահանջել էր, բայց ինչո՞ւ հիմա նորից հիշեցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Դա թողնում եմ ձեզ, դուք որոշեք»։
Դիմելով գործող իշխանություններին՝ ասաց․ «Մարդը մեկ անգամ է ծնվում, ուզում է բարեկեցիկ ապրել։ Կարողանում եք անել՝ արեք, չեք կարողանում՝ ձեր տեղը զիջեք։ Ձեր պատճառով մի ամբողջ ազգ չպիտի տուժի։ Պարտված, խղճացած կարգավիճակ է։ Մի հատ էլ մնում է, որ ադրբեջանցիներին 300 հազար բերեն ու ամեն ինչ պրծնի, ոնց Արցախի հետ եղավ, նույնն էլ Հայաստանի հետ լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան


















































