«Եթե այս վիճակը շարունակվի ևս մեկ-երկու տարի, մենք կունենանք Արցախի նույն ճակատագիրը»,- Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։
«Առաջարկ Հայաստանին» թիմն այսօր քարոզարշավը շարունակեց Տավուշի մարզում։
Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատեց գործող իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկերի աճն ու կյանքի պայմանների վատթարացումը կարող են հանգեցնել հայկական բնակչության զանգվածային արտահոսքի։ Ըստ նրա՝ գույքահարկի բարձրացումն ու Երևանում բնակարանների գների աճը պայմաններ են ստեղծում, որոնց դեպքում բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց տները։
Կարդացեք նաև
Հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը թոշակառուներին առաջարկում էր Երևանի կենտրոնում բնակարանները վարձով տալ կամ վաճառել և տեղափոխվել ծայրամասեր․ «Որպեսզի 300 հազար ադրբեջանցի բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները տեղ չունեն մնալու, նրանց տները փակ են, նրանք պետք է հեռանան, որպեսզի այնտեղ ուրիշները գան ու բնակվեն։ Եթե մարդն ամբողջ կյանքում աշխատել է և բնակարանը ստացել է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում, նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելու այնտեղ իր ծերության ժամանակ»։
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է՝ թոշակառուների համար գույքահարկը թողնել նույնը։
Աչաջուրցիներն էլ իրենց հերթին դժգոհեցին իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, որի արդյունքում գյուղի վարելահողերն առհասարակ չեն մշակվում։ Բնակիչներից մեկի խոսքով՝ եթե նախկինում գոնե 200-250 հեկտար ցորեն էր ցանվում գյուղում, այս տարի հազիվ մեկ հեկտար լինի։ Գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր, վերջին տարիներին նաև խմելու ջուրն է խնդիր։ Աչաջուրի բնակիչները համաձայն են Գագիկ Ծառուկյանի հետ՝ գյուղատնտեսության նախարարության բացակայությունը զրկում է ֆերմերներին պետական աջակցությունից։ Նաև դրանով են պայմանավորում վերջին տարիներին պարարտանյութերի գնի աճը՝ 5-6 հազար դրամից մինչև 13-14 հազար դրամ։
Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ սահմանամերձ գյուղերը առավել հատուկ ուշադրության, արտոնությունների և դոտացիաների կարիք ունեն․ «Գյուղացին այսօր այն մարդն է, որը կերակրում է ժողովրդին և պահում սահմանը։ Դուք եք այդ մարդիկ»։
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի բացումը և «Նոյյան տապան» համալիրի կառուցումը հնարավորություն կտան Հայաստանին ավելի ճանաչելի դառնալ աշխարհում, կամրապնդեն երկրի միջազգային իմիջը և զբոսաշրջիկների ներգրավման հնարավորություն կընձեռեն։
Աչաջուրցիներից մեկն էլ Գագիկ Ծառուկյանին դիմելով՝ ասաց․ «Դուք էլ Քրիստոսն եք երկրի վրա»։ Նաև հավելեց, որ Բրազիլիայում գտնվող Կորկովադու լեռը «մեր Հատիսին չի հասնի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































