Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու չափից դուրս բարի ես, արքա»

Մայիս 15,2026 10:00 Share

Ինչպես արդեն գրել էի՝ այս ընտրարշավին մասնակցում է առնվազն 3 կուսակցություն, որոնց նպատակը ոչ թե բավարար չափով ձայներ հավաքելն ու խորհրդարան մտնելն է, այլ ընտրողներին համոզելը, որ իրենց իրական թեկնածուի, այսինքն՝ Փաշինյանի քիչ թե շատ ազդեցիկ ընդդիմադիրները «ռսի շպիոն» են:

Զուգահեռաբար այդ քարոզչական խմբերը (որոնք պաշտոնապես «կուսակցություն» են կոչվում) այն թեզն են առաջ քաշում, որ իրենց փաստացի թեկնածուն չափից դուրս բարի է եւ ժողովրդավար, իսկ իրականում պետք է թուրը վերցնել եւ կտրել բոլոր թալանչիների ու «ռսաստրուկների» գլուխները: «Ես երկրապահի գիժն եմ»՝ սերիայից:

Դա արվում է նրա համար, որ Փաշինյանն իր «բարությունը» դրսեւորի եւ ասի՝ «չէ՜, այդպես չի կարելի»: Բայց տողատակն այն է, թե՝ տեսեք, ինչ է ժողովուրդը պահանջում: Ու այդ արյունարբու կոչերի համեմատ՝ ընդդիմադիրներին եւ հոգեւորականներին անազատության մեջ պահելը, գրեթե ամենօրյա ռեժիմով ընդդիմադիր քաղաքացիների շրջանում ձերբակալություններ եւ խուզարկություններ իրականացնելը, «ատելության խոսքի» համար ընտրողաբար քրեական վարույթներ նախաձեռնելը շատ «մեղմ գործելակերպ» է: Զվարճալին այն է, որ քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումները բազմապատկելու կողմնակիցները ներկայանում են որպես «արեւմտամետներ»:

Այդ ռեպրեսիաների ֆոնին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը հանդես է եկել միջանկյալ հայտարարությամբ, որի իմաստն այն է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առումով Հայաստանում ամեն ինչ, ընդհանուր առմամբ, OK է, միայն թե կա արտաքին (այսինքն՝ Ռուսաստանի) միջամտության վտանգ: Նման պատվիրակությունները հանդիպում են, հավանաբար, իշխանության քարոզիչների վերածված հ/կ-ականների հետ, որոնք իրենց ամեն ինչը վարդագույնով են ներկայացնում եւ կրկնում են իշխանավորների «հիբրիդային հռետորաբանությունը»: Ինչպես նաեւ գուցե հանդիպում են ընտրարշավին մասնակից վերոհիշյալ իբր եվրոպամետ արբանյակների հետ, որոնք բողոքում են Կրեմլի գործակալներից եւ Փաշինյանի՝ չափից դուրս հանդուրժող լինելուց: «Արարողակարգային» հանդիպումներ են ունենում նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնց ասածներն «ականջի հետեւ» են գցում:

Այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետեւ եվրոպական լիդերները Երեւանում եւ իրենց երկրներում անընդհատ հայտարարում են, որ Փաշինյանից այն կողմ աշխարհ չկա: Հետեւաբար, իրենց ֆավորիտի վերարտադրության դեպքում այդ առաքելությունները կհայտարարեն, որ ընտրությունները ժողովրդավարության գագաթնակետն էին, նույնիսկ եթե Փաշինյանը հազար հոգի գնդակահարի: Իսկ Փաշինյանի պարտվելու դեպքում կնեղսրտեն «արտաքին միջամտությունից»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031