Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ նախընտրական պատվիրակություն

Մայիս 13,2026 18:12 Share

Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ, և բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը կենսական նշանակություն ունի․ Երևանում հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը:

Ստրասբուրգ, 13.05.2026 — 2026 թվականի մայիսի 11-12-ը Երևան կատարած երկօրյա այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը* ընդգծել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում անցկացնելու կարևորությունը։ Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտությունների առավել բարդ և համակարգային բնույթի վերաբերյալ։

Պատվիրակությանը տեղեկացվել է, որ արտաքին միջամտությունը դուրս է եկել ավանդական ապատեղեկատվության շրջանակներից՝ այժմ ներառելով ապօրինի քաղաքական ֆինանսավորում, կիբերհարձակումներ, տնտեսական ճնշումներ և ընտրական գործընթացը մանիպուլացնելու ուղղակի փորձեր։ Նշվել է, որ այս հիբրիդային մեթոդների նպատակը ոչ միայն հանրային կարծիքի վրա ազդելն է, այլև Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ աշխարհաքաղաքական լծակներ ապահովելը։

Պատվիրակությանը ներկայացվել են տեղեկություններ Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված ուղիղ և բացահայտ խնդրանքների մասին՝ նպաստելու Ռուսաստանից հայկական սփյուռքի քվեարկությանը, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից այդ սփյուռքյան հատվածին ֆինանսական բնույթի խրախուսումներ առաջարկելու վերաբերյալ՝ ընտրության օրը Հայաստան գալու և քվեարկելու նպատակով։

Պատվիրակությունն ընդգծել է, որ նման միջամտությունը շարունակական և հարմարվող սպառնալիք է՝ տարածվելով ընտրական շրջանից շատ ավելի լայն ժամանակահատվածի վրա։

Պատվիրակությունը նաև նշել է, որ որոշ արևմտյան գործընկերներ հայտարարություններով աջակցություն են հայտնել իշխող կուսակցությանը։

Պատվիրակությունը ողջունել է Հայաստանի իրավական և կարգավորող շրջանակը՝ անհարկի ազդեցությանը հակազդելու ուղղությամբ։ Սակայն, ըստ պատվիրակության, առկա մեխանիզմները պետք է ուժեղացվեն՝ գաղտնի, համակարգված և անդրսահմանային սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու համար։ Նշվել է, որ հրատապ անհրաժեշտություն կա ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելու միջգերատեսչական համագործակցությունը և բարձրացնելու քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը։

Նախընտրական ընդհանուր միջավայրի գնահատման շրջանակում պատվիրակությունը մտահոգություն է հայտնել նաև մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին թիրախավորող ապատեղեկատվության ակտիվացման կապակցությամբ։ «Օտարերկրյա գործակալ» լինելու վերաբերյալ մեղադրանքները, ըստ պատվիրակության, վտանգում են հանրային վստահությունը և սահմանափակում քաղաքացիական տարածքը։ Պատվիրակությունը տեղեկություններ է ստացել համակարգված ոչ իսկական ակտիվության և մանիպուլյատիվ սոցիալական մեդիա բովանդակության մասին և հույս հայտնել, որ տեխնոլոգիական ընկերությունները ավելի կոշտ քայլեր կձեռնարկեն նման արշավների դեմ։

Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել նաև աճող իրավական ճնշումների, այդ թվում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի վերաբերյալ, որոնք թիրախավորում են քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին և ընտրական դիտորդներին։ Նշվել է, որ նման գործելակերպը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը և զսպել ժողովրդավարական մասնակցությունը։ Պատվիրակությունը շեշտել է, որ կենսունակ և անկախ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ընտրությունների կարևոր բաղադրիչ է և պետք է պաշտպանված լինի ճնշումներից։

Մտահոգիչ այլ հարցերի թվում նշվել են քաղաքական բևեռացման խորացումը, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը և քաղաքականության նկատմամբ ընդհանուր անտարբերությունը, հատկապես երիտասարդների շրջանում։ Պատվիրակությունը տեղեկություններ է ստացել կոշտ նախընտրական հռետորաբանության, վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումների, չկարգավորվող երրորդ կողմերի քարոզչության և ձայների գնման վերաբերյալ, որոնք երբեմն ներկայացվում են որպես բարեգործություն։

Պատվիրակության ուշադրության կենտրոնում է եղել նաև Հայ առաքելական եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։

Քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ըստ պատվիրակության, շարունակում են առանցքային նշանակություն ունենալ, հատկապես օրենսդրական վերջին փոփոխությունների ֆոնին, որոնք բարձրացրել են նվիրատվությունների սահմանաչափերը՝ առանց վերահսկողական բացերը լիարժեք վերացնելու։

Պատվիրակությունն ընդգծել է, որ ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը պահանջում է ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համագործակցություն, ինչպես նաև թվային հարթակների պատասխանատու վարքագիծ։ Այն ողջունել է հայկական իշխանությունների և շահագրգիռ կողմերի կառուցողական համագործակցությունը հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ ընդգծելով քվեարկության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական և աշխարհաքաղաքական ուղեգծի համար, հատկապես շարունակվող խաղաղության գործընթացի և տարածաշրջանային փոփոխությունների պայմաններում։

Պատվիրակությունը լսել է նաև արդարադատության համակարգում երկակի չափանիշների վերաբերյալ մեղադրանքներ․ ընդդիմության ներկայացուցիչները դժգոհել են, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ և հոգևորականներ գտնվում են քննության ներքո կամ տնային կալանքի տակ՝ դատական որոշումների հետևանքով։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ազգային ժողովի փոխնախագահի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, արդարադատության փոխնախարարի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Տեղեկատվական համակարգերի գործակալության նախագահի և ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության ղեկավարի և տեղակալի, Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունը բարձր է գնահատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, մասնավորապես՝ Տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցության և վերապատրաստումների միջոցով կիբերանվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Մինչ ընտրության օրը մնացած կարճ ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը ՀՀ իշխանություններին կոչ է արել ակտիվացնել արտաքին միջամտություններից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խրախուսել՝ շարունակել իրենց կարևոր դերակատարումը՝ ժողովրդավարական չափանիշների մշտադիտարկման, փաստագրման և առաջխաղացման գործում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին կհետևի լիարժեք ընտրադիտորդական առաքելությամբ՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդների հետ միասին։

*Պատվիրակության կազմում էին Դամիեն Կոտիեն (Շվեյցարիա, ALDE)՝ պատվիրակության ղեկավար, Ռոբերտո Սպերանցան (Իտալիա, SOC), Գեորգիոս Ստամատիսը (Հունաստան, EPP/CD), Մալթե Կաուֆմանը (Գերմանիա, ECPA), Լաուրա Կաստելը (Իսպանիա, UEL), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Բորիանա Աբերգը (Շվեդիա, EPP/CD)։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031