Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվել է մեկ ամսով։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «2026 թվականի մայիսի 12-ին Ա.Ա.-ն օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու մասին հայտարարություններ։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»։
Արտակ Ավետիսյանի պաշտպանությունը ստանձնած «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ գրել է ֆեյսբուքյան էջում. «Ստորև ներկայացնում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի Արտակ Ավետիսյանի այն տեսագրությունը, որից 3 ԺԱՄ հետո նա ձերբակալվեց և 55 ԺԱՄ հետո կալանավորվեց։
Խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրել և դիտել տեսանյութը և գնահատել՝ արդյոք դուք տեսնո՞ւմ եք «ատելության խոսք»՝ հատկապես ՔՊ պարագլուխների հրապարակային ահավոր խոսքի համեմատությամբ։
Կարդացեք նաև
Եվ այսպես՝ «ատելության խո՞սք», թե՞ թույլատրելի քննադատություն։
Եթե համաձայն եք ինձ հետ ու դուք էլ եք կարծում, որ այս խոսքն անգամ մոտ չէ «ատելության խոսքի» կարմիր գծին, ապա կոչ եմ անում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»։


















































