«Որեւէ երկրի վերաբերյալ որեւէ դիտարկում անելիս շատ կարեւորվում են մի քանի առանցքային ոլորտներ, որոնց թվում են՝ կրթությունը, անվտանգությունը, առողջապահությունը: Այստեղից պետք է հասկանալ, որ առողջապահությունն առհասարակ չի կարող լինել երկրորդային»,-Մեդիա կենտրոնում կայացած «Առողջապահությունը՝ նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը:
Նրա խոսքով. «Առողջապահությունն այն կարեւոր ոլորտն է, որը փոխկապակցված է մյուս բոլոր ոլորտների հետ, եւ եթե դու չունես առողջ հասարակություն, ուրեմն լիքը ճյուղավորված խնդիրներ են առաջանում»:
Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերին եւ նրանց նախընտրական ծրագրերին, Զոփունյանը հավելեց. «Շատ բարդ է նույնիսկ փորձագետների համար 19 ուժի ծրագիր ուսումնասիրելը, եթե դրանք առկա են, եւ հասկանալ, թե իրապես ինչ է առաջարկվում: Չգիտեմ՝ ով ինչ խնդիր է իր առաջ դրել, բայց յուրաքանչյուրն իր համար պարզապես տնային աշխատանքի մակարդակով շատ հստակ պետք է նախ ուսումնասիրի առողջապահական խնդիրները, հետո նոր՝ դրանց հիման վրա շատ դետալավորված ներկայացնի հասարակությանը, թե այս կարեւոր ոլորտում ինչ է անելու»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Սառա Ղազարյանն անդրադարձավ մասնավորապես հոգեկան առողջությանը, որը բացակայում է կուսակցությունների ծրագրերից: «Ցավով, պետք է արձանագրենք, որ հոգեկան առողջությունը դեռեւս քաղաքական ուժերի ռազմավարական առաջնահերթությունների թվում չէ: Ծրագրերն ուսումնասիրելով՝ տպավորություն ենք ստանում, որ այդ խնդիրը չի երեւում, տեսանելի չէ: Եթե չեմ սխալվում, 19 կուսակցություններից ԿԸՀ-ի կայքում 6-7 կուսակցություն է ծրագիր ներկայացրել, որոնցում հոգեկան առողջությանն անդրադարձ՝ ես անձամբ տեսել եմ միայն 2 կուսակցության ծրագրերում, այն էլ շատ հպանցիկ եւ այլ ոլորտների ու թիրախային խմբերի համատեքստում: Որպես այդպիսին՝ հոգեկան առողջությունը թիրախավորված չէ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի




















































