«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ հունիսի 7-ի քվեարկությամբ դուք որոշելու եք, թե ՀՀ նախագահը լինելու է մի մարդ, որի համար մենք ամաչում ենք, թե՞ լինելու է մի մարդ, որի համար մենք կհպարտանանք և ազգովի կտեսնենք, թե նա ինչպես է մեզ ներկայացնում որպես ներկայացուցչական պաշտոնյա՝ միջազգային տարբեր հարթակներում։ Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ։ Մենք չենք ուզում ունենալ նախագահ, որն Ալիևին որ տեսնում է, ավելի շատ է քծնում, քան որևէ ադրբեջանցի պաշտոնյա։ Մենք չենք ուզում ունենալ նախագահ, որը ոչ մի հարցով տարաձայնություն չունի գործադիր, դատական և օրենսդիր իշխանության հետ»,- ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանն» այսօր նախընտրական քարոզարշավն անցկացնում էր նախագահական նստավայրի մոտ։
«Նա պետք է տարբեր նախագծեր չստորագրեր՝ ուղարկեր Սահմանադրական դատարան, իր կարծիքն արտահայտեր և ունենար հեղինակություն։ Մենք ունենք զրո հեղինակությամբ նախագահ։ Միակ ուժը, որը հանրապետության նախագահի վերաբերյալ տեսլական է ներկայացրել ժողովրդին՝ «Լուսավոր Հայաստանն» է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ նախագահը պետք է հակակշիռ լինի պետական այլ ինստիտուտներին։
Էդմոն Մարուքյանը նաեւ Վահագն Խաչատուրյանին պաշտոնից հեռացնելու տարբերակ է առաջարկում՝ իմպիչմենթ, եթե վերջինս հրաժարական չտա։
Կարդացեք նաև
«Մեկ այլ ամոթալի բան կա․ նախագահը գնաց Կիրանց և ասաց, որ կյանքում առաջին անգամ պետական սահման է տեսնում։ Մարդ, որը հանրապետություն է ներկայացնում, մարդ, որը Սահմանադրությամբ մեր նախագահն է, գնաց Կիրանց և ասաց, որ կյանքի մեջ առաջին անգամ պետական սահման է տեսնում՝ կրկնելով ադրբեջանական թեզը»,- տարակուսեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մենք չենք հայտարարել, որ սահմանադրական մեծամասնություն ենք ուզում հավաքել։ Մենք շատ ադեկվատ գնահատել ենք մեր հնարավորությունները եւ անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրել, ինչի՞ մասին է խոսքը։ Ավելին՝ որեւէ ուժ չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել»,- լրագրողի հարցին այսպես պատասխանեց Էդմոն Մարուքյանը։
Մեկ այլ հարցի, որ 2018-ին իրենք պաշտպանել են Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո Էդմոն Մարուքյանը տարբեր ժամանակներում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Փաշինյանի իշխանությունում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Լավ ենք արել»։ Բացատրեց՝ պաշտպանել են, քանի որ հավատացել են փոփոխություններին, իրենց ակնկալիքները չեն արդարացել, այժմ նորից պայքարում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































