«2026 թվականի մայիս ամիսն է, և երեք տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, որ այս ամայի տարածքում (լուսանկարում) պետք է լինեն ԲՈՒՀ-եր, բոլոր ԲՈՒՀ-երը Երևանից պետք է տեղափոխվեն այստեղ, ու այստեղ պետք է ուսանողական կյանք լինի»,- Աշտարակի խճուղում՝ «Ակադեմիական քաղաքի» համար նախատեսված տարածքում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Ըստ կառավարության խոստման՝ այս ծրագրի մեկնարկը պետք է տրվեր 2023 թվականին, ծրագիրն ամբողջությամբ շահագործման համար պետք է պատրաստ լինի 2029 թվականին։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտված լինեին 2025-ի հոկտեմբերին, ու այդ ժամանակ էլ արդեն շինաշխատանքները պետք է սկսվեին։ Տարածքը ամայի է, որևէ շինարարական աշխատանք չի կատարվում։
Դեպի «Ակադեմիական քաղաք» տանող ճանապարհն անցնում է գերեզմանների միջով․ սա Էդմոն Մարուքյանի համար մի քիչ տարակուսելի է, բայց հիմնական խնդիրը չէ։
«Մեկ տրիլիոն դրամ գումար Հայաստանի ժողովրդի հարստությունից չպետք է դրվի այս ծրագրի վրա, այն բացարձակապես անմիտ է»,- ասաց նա՝ փոխանցելով տարբեր մասնագետների կարծիքը։
Կարդացեք նաև
Իր համար այս ամենում երկու խնդրահարույց բան կա․ նախ՝ հայտնի է, որ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերը շինարարության մեջ են, և մտավախություն ունի, որ այս ծրագիրը գործող կառավարության կոռուպցիոն սկանդալների շարքին է դասվելու։ Ապա՝ չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսով յուրօրինակ հաշվեհարդար է տեսնում երիտասարդների հետ, քանի որ հասկանում է՝ նրանց շրջանում ձայներ չունի։
«Ծրագիրը պետք է չեղարկվի, պատասխանատուներն էլ պետք է վճարեն մինչ օրս ծախսված գումարները»,- հայտարարում է Էդմոն Մարուքյանը։
Բայց եթե որևէ բան պետք է այդ տարածքում կառուցվի, քանի որ պետական որոշակի ներդրումներ կան, ինքն առաջարկում է այստեղ տեղափոխել կառավարական բոլոր շենքերը․ «Ամեն առավոտ ավտոբուսներով՝ վարչապետն ու նախարարները թող գան աշխատանքի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը»։
Իսկ Երևանի փոքր կենտրոնը՝ իրար կապող ԲՈՒՀ-երով, առաջարկում է դարձնել ոչ երթևեկելի տարածք, ամբողջությամբ կանաչապատել և դարձնել ուսանողական տարածք․ օդը մաքուր կլինի, քաղաքն էլ կբեռնաթափվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































