Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Սիմոնյանը հայի մասին է, մեր մասին։ Ճանաչելով մեր հայ արվեստագետներին, ուսումնասիրելով նրանց կյանքը, ուղին և դրանց արտացոլումները, տեսնելով արվեստի մեջ՝ կարողանում եմ ճանաչել ինձ՝ հայիս․ երիտասարդ նկարիչ, հետազոտող

Մայիս 20,2026 15:52 Share

Նկարչական ուսումնասիրությունները արվեստի քննադատության հիմնարար ոլորտներից մեկն են։ Այս ոլորտում գրվել են հազարավոր ուշագրավ աշխատություններ, որոնք նկարագրում են արվեստի որոշակի գործի ոճը, տեսակը, ժանրը, եղանակը և ուղղությունը։ Գտնել նկարներ, որոնք կատարում են իրենց էվոլյուցիոն նպատակը՝ արտահայտելով միտքը, իրենց կրակոտ ներքին մագնիսականությունը, գեղարվեստական արտահայտչականությունն ու վարպետությունը, արվեստագետի բարձրագույն խնդիրն է։

Երիտասարդ նկարիչ Անի Գալստյանին, որին փոքր-ինչ անց առաջին անգամ կներկայացնենք նաև որպես հետազոտող, Aravot.am-ն առաջին անգամ անդրադարձավ 2025թ. աշնանը՝ Երևանի Հ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների համատեղ գրաֆիկական աշխատանքների ցուցադրության առիթով։ Այդ ժամանակ ներկայացված մի քանի տասնյակ գործերի հեղինակներից ընտրեցինք 1-2-ին, որոնց ստեղծագործությունների առջև այցելուն ավելի երկար էր կանգնում՝ քննարկում, մտքեր փոխանակում, նույնիսկ բանը հասնում էր փոքրիկ բանավեճի։ Եվ այդ ժամանակ Անին մեզ հավաստիացրեց, որ որոշել է իր ստեղծագործական առաջին քայլերին զուգահեռ անցկացնել նաև հետազոտական գործունեություն։ Բառացիորեն օրերս լուր ստացանք, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանում այլևս ներկայացված է, ցավոք, մեր ժամանակներում մոռացված անուններից մեկը՝ Կորյուն Սիմոնյանը։

Մեզ հետ զրույցում Անին հայտնեց․ «Կատարել եմ հետազոտական աշխատանք ոչ հայտնի հայ գեղանկարչի մասին, ում ինքնադիմանկարը, թեև տեղ է զբաղեցնում Ազգային պատկերասրահի պատերից մեկի վրա։ Պետք է բարձրաձայնեմ, որ ամեն ինչ սկսվեց հենց իմ ու ինքնադիմանկարի երկխոսությունից, և հարց առաջացավ՝ ինչո՞ւ չունենք հստակ տեղեկություն այս նկարչի մասին»։ Ապա հավաստիացրեց, թե սկսել է հետազոտել, փնտրել հնարավոր ամեն բան, հնարավոր ամեն արխիվում նրա մասին․ «Եղել եմ Ազգային պատկերասրահի արխիվում, նայել եմ բոլոր փաստաթղթերը, էսքիզները, ծանոթացել եմ Կորյունի քրոջ թոռնուհու հետ ու սկսել ուսումնասիրել, գրել նրա մասին»։

Մեր զրուցակցին խնդրեցինք հնարավորինս համառոտ ներկայացնել գեղանկարչի ոչ միայն ստեղծագործական, այլ կենսագրական փաստերից, քանի որ մենք լսել ենք նաև նրա դաժան մանկությունից դիպվածներ։

— Կորյուն Սիմոնյանը ծնվել է 1912թ., ով, բախվելով որբացման ճակատագրի հետ, շարունակեց իր կյանքը արվեստի բնագավառում։ Ալեքսանդրապոլի որբանոցից դուրս գալուն պես ընդունվեց Գեղարդ տեխնիկում (Թերլեմեզյան քոլեջ) և, լինելով երկրորդ կուրսում, գործուղվում է Սանկտ Պետերբուրգի ակադեմիա։ Կորյունը նկարում էր միմիայն հայկական, ազգային թեմատիկ նկարներ և հայրենիքի բնանկարներ։ Ոչ միայն կտավները, այլ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտի դաշտից գրված նամակները հավասար արժեք են ներկայացնում իր աշխատանքների հետ միասին։ Կորյունը կյանքից հեռացավ շատ երիտասարդ տարիքում՝ 31 տարեկանում։ Իսկ նամակների հետ ուղարկված էսքիզները խտացնում են որբի փորձառությունն ու վաղ մահվան կանխագուշակումը։ Իր «Հանդիպում» շարքը դրա վառ ապացույցն է։ Ամբողջը խտացնելով՝ արել եմ հետազոտական աշխատանքս և 2026թ. մայիսի 7-ին ներկայացրել գրադարան։ Աշխատանքս մշակում եմ, էլ ավելի ուսումնասիրում «որբի արվեստը»։

Դիտարկմանը, թե յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր աշխատանք, մանավանդ հետազոտություն, պետք է նպատակետ ունենա՝ ո՞րն է դա, և, ինչու ոչ, ի՞նչ է տվել իրեն՝ ստեղծագործողին, Անի Գալստյանը պատասխանեց․

-Կորյուն Սիմոնյանը հայի մասին է, մեր մասին։ Ճանաչելով մեր հայ արվեստագետներին, ուսումնասիրելով նրանց կյանքը, ուղին և դրանց արտացոլումները, տեսնելով արվեստի մեջ՝ կարողանում եմ ճանաչել ինձ՝ հայիս։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031