Մայիսի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հակադարձել է վիզաների ազատականացման համատեքստում ՀՀ քաղաքացիների արտահոսքի մասով մտահոգություններին՝ ընդգծելով, որ հաճախ քաղաքական նպատակներով նման թեմաներ են շահարկվում։ «Ցանկանում եմ հստակ ասել՝ այսօր պարզապես չկա որևէ իրական փաստարկ, որը կարող է հիմք տալ պնդելու, թե ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է սպառնալիք գեներացնել Հայաստանի ազգային անվտանգության համար կամ առաջացնել համակարգային խնդիրներ։
Այդ մտահոգությունները փաստական հիմք չունեն, և վստահ եմ՝ ներկայացված թվերն ու արդյունքները դրանք դարձնում են առավել քան առարկայազուրկ », – նշել է Ներքին գործերի նախարարը։
Նախարարը արձանագրել է Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցության դերը, նշելով, որ բոլոր գործընթացները բնականաբար նպաստել են նրան, որ Հայաստանը դառնա ավելի գրավիչ և կայուն միջավայր սեփական քաղաքացիների համար։
Նրա խոսքով՝ պետք է շարունակել առաջ շարժվել առկա տրամաբանությամբ՝ ամրապնդելով արդեն իսկ արձանագրված արդյունքները և քայլ առ քայլ հասնելով Եվրոպական միության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը։
Կարդացեք նաև
Գործընթացի առաջին փուլում գնահատվել են հիմնական բաղադրիչները, և գործընկերներն ունեն մի շարք առաջարկներ՝ աշխատանքների տեմպերը արագացնելու համար․ անհրաժեշտ է պարզապես շարունակել հետևողական և համակարգված աշխատանքը։
«Սա առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարության հետևողական քաղաքականության արդյունքն է՝ խաղաղության, կայունության և տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շնորհիվ», – ընդգծել է Ներքին գործերի նախարարը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































