Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծմամբ, ինչպես նաեւ հարկային մարմին- հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ին հրավիրված նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաեւ հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով՝ ՀՀ հարկային օրենսգրքում 2021թգ կատարված փոփոխություններով եւ ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 12-ի որոշմամբ ներդրվել է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը: Գործող կարգավորումներով՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամկետը 12 ամիս է:
Օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու համար նախատեսվում է ներդնել խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաեւ առաջարկվում է կատարելագործել ու բարելավել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես առաջարկվում է oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ: Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող անձանց գործունեության նկատմամբ իրականացնելու է եռամսյակային մշտադիտարկում: Կառավարությունը կսահմանի հավաստագրի գործողության դադարեցման կարգն ու իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման դեպքերը:
Կարդացեք նաև
Էդուարդ Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նախագծով առաջարկվող կարգավորումներին ու սահմանումներին:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ


















































