Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ գործընկերների հետ համագործակցությամբ շարունակվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի  իրականացումը

Մայիս 21,2026 12:46 Share

Մայիսի 20-ին Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ և պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։

Քննարկման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են Գործողությունների ծրագրով սահմանված չորս հիմնական ուղղություններով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքին՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման, հասարակական կարգի պահպանության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Հայկական կողմը ներկայացրել է միգրացիոն ռիսկերի և սահմանների համալիր կառավարման, ապօրինի միգրացիայի կանխարգելման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ կիրարկմանն ուղղված ինստիտուցիոնալ և գործառնական փոփոխությունները։ Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացի շրջանակում ներկայացվել են ծրագրի իրականացման փուլերը, տվյալների կառավարման մեխանիզմները, հստակեցվել վերջնաժամկետները։

Կրթական համակարգի արդիականացման շրջանակում Արմեն Ղազարյանը նշել է, որ ՆԳՆ կրթահամալիրում, ոստիկանների և փրկարարների մասնագիտացմանը զուգահեռ, նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր՝ միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մեթոդաբանությունների կիրառմամբ։ Նրա խոսքով՝ մասնագիտական կարողությունների զարգացումը սահմանային կառավարման արդյունավետության կարևոր նախապայման է։

Անդրադարձ է կատարվել նաև հասարակական կարգին և անվտանգությանը վերաբերող հենանիշերի կատարման ընթացքին։ Ներկայացվել են կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ հանցավորության կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումը, հետախուզության վրա հիմնված ոստիկանական գործունեության մոդելի ներդրումը, ինչպես նաև ծանր և կազմակերպված հանցավորության սպառնալիքների ազգային գնահատման համակարգի զարգացումը։ Քննարկվել են նաև Եվրոպոլ-ի հետ համագործակցության շրջանակում SIENA համակարգով օպերատիվ տեղեկատվության փոխանակման, միջգերատեսչական օպերատիվ խմբերի ձևավորման, ակտիվների վերականգնման գրասենյակի ստեղծման, կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացման և կիբեռլաբորատորիայի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքին։ Եվրոպական կողմը մի շարք ուղղություններով հետաքրքրվել է նախատեսված միջոցառումների իրականացման հստակ ժամկետներով և ակնկալվող արդյունքների ապահովման ժամանակացույցով։

Եվրոպական կողմը բարձր է գնահատել արձանագրված առաջընթացը և կարևորել Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների շարունակականության ապահովման հարցում։ Արմեն Ղազարյանը վերահաստատել է ՆԳՆ պատրաստակամությունը՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031